ԼուրերՏնտեսություն

2023թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. Մարտին Գալստյան

Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության և մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում` պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը: Ուստի, տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների, սահմանված ժամկետներում և ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաև ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից: Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում, ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, անդրադառնալով 2023 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծով նախանշվող նպատակադրումներին, բանախոսը նշել է, որ եկող տարի ևս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը` միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ: Հաշվի առնելով ընթացիկ տարում դիտարկվող հատկապես ծառայությունների ոլորտում պահանջարկի էական առաջանցիկ աճը, ինչպես նաև 2022 թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավման համեմատաբար համեստ ցուցանիշները` կարևորվել է 2023 թ. հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման և հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը, ինչն ամբողջական պահանջարկի զսպման միջոցով կնպաստի մակրոտնտեսական կայունության` միաժամանակ տնտեսական աճի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսներ ձևավորելով:

Ամփոփելով իր խոսքը` ԿԲ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կարևորվում է կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացումը, ուստի առաջանցիկ պահանջարկի կարգավորման և մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: Բանախոսի արձանագրմամբ բյուջեի ծախսերի բարելավմանը, կապիտալ ծախսերի մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաև հարկերի հավաքագրման բարելավմանն ուղղված բարեփոխումների և միջոցառումների ամբողջական իրականացումն անհրաժեշտ հիմքեր կձևավորի ՀՆԱ-ներուժային մակարդակի բարձրացման և երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close