ԼուրերԿարևորՏնտեսություն

Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալներն աճել են

Հայաստանում սննդի արտադրության ծավալները նվազել են։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագական կոմիտեի հրապարակած տվյալները։

Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերի դրությամբ կրճատվել է մսի արտադրության ծավալները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 34 150.8 տոննա մսի փոխարեն այս տարի արտադրվել է 32 451.6 տոննա։ Իսկ հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մսի արտադրության ծավալը նվազել է 5,3 տոկոսով։

Երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 5,4 տոկոսով, մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը կրճատվել է 42,1 տոկոսով։

Կաթի ատադրությունում, սակայն, աճ ունենք։ Սեպտեմբերի դրությամբ հանրապետությունում կաթի արտադրության ծավալները հասել են 5 512.3 հազ․ լիտրի, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտադրվել է 5 393.6 հազ․ լիտր։ Մինչդեռ մեկ տարում 2.9 անգամ նվազել է կարագի արտադրությունը։ Այս տարի, սակայն, որոշակի աճ է նկատվում պանրի արտադրությունում։

Նախորդ ամիս ևս կաթնամթերքի արտադրությունում անկում է գրանցվել։ 

Ըստ վիճակագրության՝ օգոստոսին կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 3,9 տոկոսով, մածունի արտադրության ծավալը նվազել է 4,6 տոկոսով, իսկ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,1 տոկոսով։

Ուշագրավ է, որ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,4 տոկոսով։ Փոխարենն ավելացել են մակարոնեղենի արտադրության ծավալները։ Նախորդ տարի սեպտեմբերին պատրաստվել է 3 682.1 տոննա մակարոնեղեն, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 4 010.4 տոննա։ Մեկ տարում տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը պակասել է 39,6 տոկոսով։

Կերակրի աղի արտադրության ծավալներն էլ կրճատվել է 40,2 տոկոսով։

Խաղողի գինու, հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը ևս նվազել են։

Բայց նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, գարեջրի, ալկհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։

Ուշագրավ է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր և սպառման ծավալների աճը չեն նպաստել Հայաստանի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության ակտիվացմանը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close