ԼուրերՇոու Բիզնես

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոյեմբերի 3-ից երկու շաբաթով էկրաններին է։ Նշենք, որ  «Ավրորայի լուսաբացը» հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակին։

Նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» Հայաստանի պաշտոնական հայտն է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։

Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ.-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։

Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միևնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:

Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է: Այն պատկերում է նկարագրվող իրադարձությունը, հաղորդում տրամադրությունը և շաղկապում դեպքերի հաջորդականությունը:

«Երբ մենք սկսեցինք աշխատել ֆիլմի շուրջ, ցեղասպանության թեման այնքան էլ ակտուալ չէր, բայց այժմ, երբ պատերազմներն, առհասարակ, շատացել են աշխարհում, թեման դարձել է շատ արդիական։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, դրանով ֆիլմն այս ժամանակաշրջանում դարձավ շատ կարևոր։ Այն արդեն ներկայացվել է բազմաթիվ փառատոնների՝ Գերմանիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում․․․ Ֆիլմը շատ լավ է ընդունվում ամբողջ աշխարհում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյանը։

Ֆիլմի անիմացիոն մասը համատեղ իրականացրել են հայ և լիտվացի նկարիչ-անիմատորները։ Ֆիլմում օգտագործված է գերմանացի կոմպոզիտորի կողմից հենց ֆիլմի համար գրված երաժշտություն, որը կատարել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Պրագայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը և Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը և Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը և Գարեգին Առաքելյանն են։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close