ԼուրերՆերքինՔաղաքականություն

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները հանուն Արցախի համերաշխության երթ իրականացրին

Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված ընդդիմության հանրահավաքը կշարունակվի Միասնության ու համերաշխության երթով, որը կազմակերպվում է հանուն Արցախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ երթն ընթանալու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, ապա մասնակիցներն ակցիա են իրականացնելու ՀՀ կառավարության շենքի դիմաց, ինչից հետո վերադառնալու են Ազատության հրապարակ՝ «ամփոփելու հանրահավաքն ու կարևոր հայտարարություն ընդունելու համար»։

Մինչև քայլերթի իրականացումը Սաղաթելյանը ելույթ ունեցավ՝ խոսելով հանրահավաքի նպատակի մասին։

«Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։ Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։ Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է` միասնականություն մեր ներսում, միասնականություն և համերաշխություն Արցախին, միասնականություն Սփյուռքին»,- ասաց «Դիմադրության» շարժման առաջնորդը։

Հիշեցնելով մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքը՝ Սաղաթելյանը նշեց, որ այդպիսով լսելի դարձավ Արցախի ձայնը, որը հայտարարեց՝ «Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Նա նշեց, որ իրենք առաջարկում են ձևավորել ազգային իշխանություն, որը կապահովի Հայաստան-Արցախ-Սփուռք եռամիասնությունը և կիրականցնի համազգային զորաշարժ, կլուծի պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրները, կապահովի կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցությունը։

«Այս երեք ուղղություններով հետևողական, ամենօրյա տքնաջան աշխատանք է պետք իրականացնել՝ նոր որակի իշխանության կողմից։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող և նոր որակի իշխանություն»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close