ԼուրերՏնտեսություն

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամսում կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թ առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 74.1 տոկոսով: Այն 2021 թ հունվար-օգոստոսին կազմել է մոտ 1.6 մլրդ դոլար: 2022 թ հունվար-օգոստոսին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է 1.67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7 տոկոսով»,- ասաց Քերոբյանը:

Այս տարվա առաջին 8 ամսում ՌԴ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 2.642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7 տոկոսով: Ընդ որում` արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55.3 տոկոսով:

Առևտրաշրջանառությունն աճել է ԵԱՏՄ մյուս երկրների հետ նույնպես: Նախարարը հայտնեց, որ կառավարությունը աշխատանք է կատարել, որ Հայաստանի և Ռուսաստանից բացի ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանեն: «ԵԱՏՄ կառուցվածքում բոլոր երկրների հարաբերությունների մեծ մասը կառուցված է եղել ՌԴ-ի հետ, և կարծես՝ ՌԴ ու այլ երկիր հարաբերությունների է վերածվել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ նույնպես, և ԵԱՏՄ-ն իր կառուցվածքով և առևտրաշրջառանությամբ դարձնել ավելի համաչափ»,-ասաց Քերոբյանը:

Նրա գնահատմամբ՝ այս տարի արձանագրված փոփոխությունը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքը որոշակի արդյունք արդեն տվել է:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close