
Իլոն Մասկը ընկերությունը գնելուց հետո աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին, ֆինանսական տնօրեն Նեդ Սեհգալին, գլխավոր իրավական հարցերով տնօրեն Վիջայա Գադեին և մի շարք այլ թոփ մենեջերների։ Այս մասին գրում են Reuters-ը, Associated Press-ը և այլ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։
Ագրավալը և Սեհգալը դուրս են բերվել ընկերության Սան Ֆրանցիսկոյի կենտրոնակայանի կազմից, հայտնում են Reuters-ի աղբյուրները: Ըստ Insider-ի՝ Ագրավալի փոխհատուցումը կկազմի ավելի քան 38 մլն դոլար, Սեհգալինը` 25 մլն դոլարից ավելի։
Ըստ CNBC-ի աղբյուրների՝ Մասկը ինքն է լինելու ընկերության գործադիր տնօրենը առաջիկա ամիսներին։
«Թռչունն ազատ է արձակվել»,- գրել է Մասկը անմիջապես Twitter-ի գնումից հետո:
Իլոն Մասկը հոկտեմբերի 27-ին դարձավ Twitter-ի սեփականատերը՝ ընկերության համար վճարելով 44 մլրդ դոլար։ Նա դա պետք է աներ մինչև հոկտեմբերի 28-ը՝ դատարանի կողմից սահմանված ժամկետի ավարտը: Հակառակ դեպքում, լսումներ կնշանակվեին ընկերության հայցադիմումի համաձայն, որը վիճարկում են Մասկի՝ գնման գործարքից հրաժարվելու փորձերը:
Հոկտեմբերի 27-ին Մասկը գովազդատուներին ուղղված կոչ հրապարակեց, որտեղ նշեց, որ որոշել է գործարք կնքել ոչ թե փող աշխատելու համար, այլ որովհետև սիրում է մարդկությունը և ցանկանում է «փորձել օգնել» նրան։
«Քաղաքակրթության ապագայի համար կարևոր է ունենալ ընդհանուր թվային քաղաքային հարթակ, որտեղ կարելի է քննարկել համոզմունքների լայն շրջանակ՝ խելամտորեն, առանց բռնության դիմելու»,- ասել է գործարարը: