ԼուրերՍպորտ

Վահրամ Դումանյանը պարգևատրել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկա է եղել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության փակման արարողությանն ու պարգևատրել մրցումային վերջին օրը մեդալներ նվաճած մարզիկներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մասնակիցներին առաջնության կայացման առթիվ` նշելով, որ միջազգային գործընկերները բարձր են գնահատել Երևանում անցկացված մրցաշարը թե՛ մարզական, թե՛ կազմակերպչական առումով. «Ավարտվեց սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը. հաղթեցինք բոլորս: Շուրջ 20 երկրների սամբոյի ֆեդերացիաների նախագահներ են ժամանել Հայաստան: Նրանք միակարծիք են, որ այս առաջնությունն անցկացվել է շատ բարձր և պրոֆեսիոնալ մակարդակով: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք անմնացորդ նվիրվեցին առաջնության պատշաճ կազմակերպմանը»:

Ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհի սպորտային քարտեզի վրա, Վահրամ Դումանյանը մաղթել է, որ տարեցտարի այդ տեղն ավելի ամրապնդվի. «ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ջանք չի խնայում մեծ սպորտի միջոցառումների կազմակերպումը խրախուսելու համար: Այս առաջնությունն էլ դրա հերթական ապացույցն էր: Սա ոչ միայն մարզական պայքար էր, այլև պայքար՝ ի նպաստ պետությունների միջև բարի և գործընկերային հարաբերությունները պահելուն և ամրապնդելուն: Պատահական չէ, որ նմանօրինակ պայքարները միշտ ավարտվում են մշակութային ծրագրով: Շատ եմ ցանկանում, որ աշխարհում բոլոր պայքարները ծավալվեն միայն մրցահարթակում, և այսուհետ բացառվեն այն պայքարները, որոնք վիշտ են բերում»:

Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնության մրցումներում ՀՀ հավաքական թիմերը նվաճել են 20 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

Հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։

Մրցումային վերջին օրը պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Հաղթողներին և մյուս մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ և մարզուհի 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close