Հայաստանը ՀԱՊԿ-ից սպասում է առնվազն քաղաքական գնահատական. ԱԺ նախագահ

Այս պահին Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից սպասում է առնվազն քաղաքական գնահատական: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի։ Ես հռետորական հարց ունեմ` պատկերացրեք, որ ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է Ռուսաստանի սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրավիճակը: Ինձ համար իմ երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` պետք է ստիպել, որ ՀԱՊԿ-ն աշխատի, իսկ եթե չի աշխատի, ապա կփնտրեն այլ մեխանիզմներ:
«Հիմա սպասում ենք առնվազն քաղաքական գնահատականի, սակայն, միևնույն ժամանակ, դա մեզ համար բավարար չէ և մեր երկրի անվտանգությունը պահպանելու համար չեն սպասելու, որ մի բան լինի, քանի որ չունեն այդ ժամանակը։ Ինչքան սպասել ենք, հերիք է»,- եզրափակեց Սիմոնյանը: