
2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 07:10-ին, ադրբեջանական ԶՈւ-ն Արցախի Հանրապետության ամբողջ երկայնքով հարձակման անցավ՝ օգտագործելով ԱԹՍ-ներ հրետանային զինատեսակներ։ Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: Համացանցում առաջին իսկ րոպեներից տարածվեց #հաղթելուենք հեշթեգը։ 44 օրերի ընթացքում ադրբեջանական ԶՈւ-ն, ի թիվս այլ զինատեսակների, կիրառեց նաև արգելված զինատեսակներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ, ռմբակոծվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորվեց խաղաղ բնակչությունը։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը խախտում էր այն։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։
Հայկական կողմը կորցրեց հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջան, ինչպես նաև Շուշին ու Հադրութը։ Համատեղ հայտարարության գիշերը Ռուսաստանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա տեղափոոխեց Հայաստան, այնուհետև՝ Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման մոնիթորինգի համար ռուսական դիտակետեր տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում էր ռազմագերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Չնայած դրան՝ երկու տարի անց ադրբեջանական կողմը դեռ տասնյակ հայ ռազմագերիների է պահում։
44-օրյա պատերազմի պատմությունը լուսանկարներում.





















