ԱշխարհԼուրեր

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան արդեն այս տարի. ԱՄՆ-ի դեսպան

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչև այս տարվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Հիքիին:

«Հիքին, որը երդում է տվել ապրիլին, լավատեսություն է հայտնել այն կապակցությամբ, որ մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ում կլինի 32 անդամ»,- գրում է հրատարակությունը:

Ինչպես նշում է թերթը, ՆԱՏՕ-ի 30 անդամներից միայն երեքն են մնացել, որպեսզի վավերացնեն Ֆինլանդիայի և Շվեդիայի միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Ըստ հրատարակության՝ սպասվում է, որ Սլովակիան կանաչ լույս կտա ՆԱՏՕ-ին երկրների անդամակցությանը:

Բացի այդ, Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպանը հունգարացի իր պաշտոնակիցի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ Հունգարիայում շուտով նույնպես կկայանա դրական քվեարկությունը: Հիքիի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանա միակ չհամաձայնողը լինել, ուստի՝ արագ կորոշի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ կապված հարցը:

«Ես չեմ կարծում, թե նա ցանկանում է մենակության մեջ շատ երկար մնալ»,- հրատարակությունը մեջբերում է Հիքիի խոսքը:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար կպահանջվի դաշինքի բոլոր 30 անդամների կողմից վավերացնել միանալու արձանագրությունը:

Հյուսիսային երկրների պլաններին որոշակի դիմադրություն է ցուցաբերում միայն Թուրքիան:

Հունիսի 28-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրված հուշագրում Թուրքիան, այդուհանդերձ, պաշտպանել է հյուսիսային երկրների՝ ՆԱՏՕ-ի մեջ մտնելու հայտն այն բանից հետո, երբ դրանում հաստատվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի խոստումն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close