Լուրեր

ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) պարոն Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին դեսպան պարոն Մարկոս Գոմես Մարտինեսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close