ԱշխարհԼուրեր

Իրանի նախագահը չեղարկել է CNN-ի հետ հարցազրույցը, քանի որ կին լրագրողը հրաժարվել է հիջաբ կրել

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հրաժարվել է աշխարհի ամենահեղինակավոր լրագրողներից մեկի՝ CNN-ի միջազգային մեկնաբան Քրիստիան Ամանփուրի հետ նախապես ծրագրված հարցազրույցից այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է կատարել գլխաշոր կրելու պահանջը:

Ըստ Ամանփուրի՝ շաբաթների պլանավորումից և թարգմանչական սարքավորումների, լույսերի և ութ ժամ շարունակ տեսախցիկների տեղադրումից հետո իրենք պատրաստ էին հարցազրույցին: Սակայն, հարցազրույցի մեկնարկի ժամից մոտ 40 րոպե ուշանալուց հետո Ռաիսիի օգնականը եկել և հայտնել է Ամանփուրին, որ նախագահը նրան առաջարկում է գլխաշոր կրել: Ըստ Ամանփուրի՝ ինքը «քաղաքավարիորեն մերժել է»։

Ամանփուրը, ով մեծացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում և վարժ խոսում է պարսկերեն, ասել է, որ Իրանից ռեպորտաժներ տալիս գլխաշոր է կրում՝ տեղական օրենքներին և սովորույթներին համապատասխանելու համար, «այլապես դուք չեք կարող այնտեղ լրագրող աշխատել»: Միաժամանակ, լրագրողն ասել է, որ չի ծածկի իր գլուխը, որպեսզի հարցազրույց անցկացնի իրանցի պաշտոնյայի հետ Իրանից դուրս, այնտեղ, որտեղ դա պարտադիր չէ:

«Այստեղ՝ Նյու Յորքում, կամ Իրանից դուրս որևէ այլ վայրում, Իրանի ոչ մի նախագահ ինձանից երբեք նման բան չի պահանջել, և ես հարցազրույց եմ վերցրել նրանցից յուրաքանչյուրից 1995 թվականից ի վեր, թե՛ Իրանի ներսում, թե՛ դրսում, և երբեք ինձանից չեն խնդրել կրել գլխաշոր»,- ասել է Ամանփուրը հինգշաբթի CNN-ի «New Day» հաղորդման ժամանակ:

«Ես շատ քաղաքավարի կերպով հրաժարվեցի իմ, CNN-ի ու ամենուր կին լրագրողների անունից, քանի որ դա պարտադիր պահանջ չէ»:

Հիշեցնենք, որ Իրանի օրենսդրությունը բոլոր կանանցից պահանջում է հանրային վայրերում կրել գլխաշոր և լայն հագուստ: Այս կանոնն Իրանում կիրառվում է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր և այն պարտադիր է երկրի յուրաքանչյուր կնոջ համար՝ ներառյալ զբոսաշրջիկների, քաղաքական գործիչների և լրագրողների:

Ըստ Ամանփուրի՝ Ռաիսիի օգնականը հասկացրել է, որ հարցազրույցը, որը կլիներ Իրանի նախագահի առաջին հարցազրույցը ամերիկյան հողում, տեղի չի ունենա, եթե նա գլխաշոր չկրի: Նա դա բացատրել է որպես «հարգանքի հարց»՝ հաշվի առնելով, որ այժմ «Մուհարրամի և Սաֆարի սուրբ ամիսներն են»: Ուշագրավ է, որ Ռաիսիի օգնականը գլխաշոր կրելու պահանջը պատճառաբանել է նաև այս օրերին «Իրանում տիրող իրավիճակով»՝ ակնարկելով երկրով մեկ ընթացող բողոքի ցույցերը:

Ամանփուրը ծրագրել էր հարցեր ուղղել Ռաիսիին Իրանում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան և ընթացող բողոքի ակցիաների, ինչպես նաև միջուկային համաձայնագրի և Ուկրաինայում Ռուսաստանին Իրանի աջակցության վերաբերյալ:

«Քանի որ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, և մարդիկ են սպանվում, կարևոր պահ կլիներ նախագահ Ռաիսիի հետ խոսելը»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Անցյալ շաբաթ Իրանում հակակառավարական ցույցեր են սկսվել՝ կապված կալանքի տակ գտնվելու ժամանակ 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ: Երիտասարդ կինը ձերբակալվել էր Իրանի բարոյականության ոստիկանության կողմից՝ գլխաշորերի մասին օրենքը խախտելու մեղադրանքով:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, որոշ կանայք կտրել են իրենց մազերը և այրել իրենց հիջաբը (գլխաշորը)՝ ի նշան այդ օրենքի դեմ բողոքի: Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ առնվազն ութ մարդ է զոհվել երկրով մեկ ընթացող ցույցերի ընթացքում, որոնք, ըստ ականատեսների և սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի, ճնշվում են իշխանությունների կողմից: Միաժամանակ, որոշ գնահատականներով, իշխանությունները դեռևս բավականին մեղմ են գործում։ Սրա պատճառը, ամենայն հավանականությամբ, Ռաիսիի ԱՄՆ-ում գտնվելն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելն է։

Ներկայիս ցույցերն Իրանում, կարծես, հնարավոր է վերածվեն ամենալայնածավալ բողոքի ակցիաների Իսլամական Հանրապետության իշխանության դեմ, որն էլ ավելի խիստ և կոշտ դարձավ անցյալ տարի Ռաիսիի կառավարության իշխանության գալուց հետո: Հասան Ռոհանիի չափավոր վարչակազմից ութ տարի հետո Իրանն ընտրեց Ռաիսիին՝ ծայրահեղ պահպանողական դատական ​​համակարգի ղեկավարին, ում մոտեցումները միանգամայն համահունչ են երկրի հզոր հոգևորականների և գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մտածելակերպին: Ըստ որոշ գնահատականների՝ Իրանի միջուկային ծրագրի գործարքից ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի միակողմանի դուրս գալը նույնպես նպաստել է ծայրահեղ պահպանողական կառավարության իշխանության գալուն։

Իրանում գլխաշորը երկրի հոգևոր առաջնորդների կողմից պարտադրված անձնական կանոնների հզոր խորհրդանիշն է, կանոնների, որոնք կարգավորում են, թե մարդիկ ինչ կարող են հագնել, դիտել և անել: Վերջին տասնամյակի ընթացքում շատ իրանցիներ ավելի ու ավելի են դժգոհում այս սահմանափակումներից: Այդ իսկ պատճառով երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահը, որը ձերբակալվել էր հիջաբ չկրելու պատճառով, առաջացրել էր վաղուց կուտակված զայրույթի պայթյուն՝ կապված անձնական ազատությունների այս սահմանափակումների հետ։ Վերջին տարիների հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ իրանցիներ, հատկապես երիտասարդները, չեն կարծում, որ հիջաբ կամ գլխաշոր կրելը պետք է պարտադիր լինի:

Ըստ իշխանությունների՝ Ամինին մահացել է «սրտի կաթվածից» և կոմայի մեջ ընկնելուց հետո, սակայն նրա ընտանիքը հայտնել է, որ նա նախկինում սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Նրա մահվան պաշտոնական վարկածի վերաբերյալ թերահավատությունը նույնպես հասարակական դժգոհություն առաջացրեց:

Իրանական պետական ​​լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանկարահանող սարքերի կադրերում երևում է, թե ինչպես է Մահսա Ամինին ուշագնաց լինում «վերադաստիարակման» կենտրոնում, որտեղ նրան տարել էր բարոյականության ոստիկանությունը՝ աղջկա հագուստի վերաբերյալ «ցուցումներ» ստանալու համար:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close