ԼուրերԿարևոր

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարությունը հաստատել է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշմամբ առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով ֆինանսական աջակցություն տրամադրել այդ անձանց: Ընդ որում` առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝

1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․

2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ փոխվարչապետը նշել է. «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ պայթյունի հետևանքով, ցավոք, ունեցանք զոհեր, մի շարք անձինք ստացան տարբեր մարմնական վնասվածներ, և իրենց ընտանիքներում առաջացան տարբեր տեսակի խնդիրներ, հատկապես՝ սոցիալական: Եվ այս խնդիրների լուծմանը միտված` կառավարություն է ներկայացվել նման նախագիծ, որով փորձելու ենք աջակցել տուժածների հարազատներին»:

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև ուժգին քամու հետևանքով Սումալու առևտրի կենտրոնի վնասված շինության մասնակի փլուզմանը: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:

«Երեկ օրվա երկրորդ կեսին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի եռահարկ կիսափլուզված շինության աջակողմյան պատի վրա մասնակի փլուզում է տեղի ունեցել: Ենթադրաբար՝ ուժեղ քամու պատճառով, որի արդյունքում պատի անմիջապես հարևանությամբ տեղակայված երկու տրանսպորտային միջոցներ հայտնվել են փլատակների տակ: Բարեբախտաբար, տրանսպորտային միջոցների սրահում քաղաքացիներ չեն եղել, բայց տուժել են երեք քաղաքացիներ, ստացել են սալջարդ և քերծվածք, անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոններ, դուրս են գրվել մի քանի ժամից: Որևէ մեկի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Հիմա տարածքը սահմանազատված է և իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ»,- ասել է փոխնախարարը:

Փոխվարչապետը հայտնել է, որ Երևանի քաղաքապետի հետ հարցի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, քննարկումներ են ընթանում նաև սեփականատիրոջ հետ: Համբարձում Մաթևոսյանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել, որպեսզի այդ հատվածում նմանատիպ այլ դեպքեր չարձանագրվեն:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ դեպքից տուժած երեք քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել. «Մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, այս պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ իր հերթին առաջարկել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը. «Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close