ԼուրերԿարևորՏնտեսություն

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը 2022 թվականի սեպտեմբերի 2-ին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է և փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշային գործակալության մեկնաբանմամբ սուվերեն վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարության և գործարար միջավայրի լավ ցուցանիշները՝ համեմատած համադրելի երկրների հետ, ինչպես նաև կայուն մակրոտնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակն ու բարեփոխումների վստահելի հանձնառությունը: Գործակալությունն առանձնացրել է նաև արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին դիրքը ու աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալության գնահատմամբ՝ թեև ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները բացասական հետևանքներ են թողնում համաշխարհային տնտեսության վրա, սակայն Հայաստանի տնտեսության վրա հետևանքները դրական են, քանի որ իրենց մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ մարդկանց, զբոսաշրջիկների, դրամական փոխանցումների ներհոսքերի և դեպի Ռուսաստան արտահանման բարձր աճի միտումներ են գրանցվում: Այս պայմաններում գործակալությունը բարձրացրել է 2022 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ սահմանելով 6.4%: Ավելին, տնտեսության դրական դինամիկայի պայմաններում գործակալությունն ակնկալում է հարկերի գերակատարում և պակասուրդի ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշների ավելի ցածր մակարդակներ:

Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ գործակալությունն ընդգծել է, որ վարկանիշի բարելավման վրա կազդեն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազող դինամիկայի ապահովումը, արտաքին ֆինանսական ցուցանիշների բարելավումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերի նշանակալի ու տևական կրճատումը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close