ԼուրերԿարևորՇոու ԲիզնեսՏեսանյութ

Հովիկ Կեուչկերյանի, Նարինե Գրիգորյանի և այլոց մասնակցությամբ «Ամերիկացի» ֆիլմը Հայաստանում կարող են դիտել մի քանի օր․ պրոդյուսեր Արման Նշանյանը մանրամասներ է հայտնում (լուսանկարներ, տեսանյութ)

Մինչ օգոստոսի 25-ը լսարանը կարող է դիտել «Ամերիկացի» ֆիլմը մեծ էկրաններին։ Այս մասին  365news.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ֆիլմը կինոէկրաններին է լինելու սահմանափակ օրեր:

«Սա ընդամենը ֆիլմի նախնական ցուցադրությունն է։ Այս տարի «Ամերիկացի» ֆիլմով մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը, ինչն իսկապես շատ մեծ պատիվ էր մեր թիմի համար։ Հասկանալի էր, որ դրա շրջանակներում սահմանափակ թվով մարդիկ կարող էին դիտել ֆիլմը, իսկ մենք միայն դրական արձագանքներ էինք ստացել, ինչից ելնելով էլ որոշում կայացրինք, որ ֆիլմը պետք է էկրաններ բարձրանա, թեկուզ՝ նախնական դիտման»,- ասաց Նշանյանը։

Հավելենք, որ ֆիլմը շարունակելու է իր փառատոնային ուղին։ Արման Նշանյանի խոսքով՝ առաջիկայում «Ամերիկացին» մասնակցելու է Համբուրգի, ապա Նյու Յորքի կինոփառատոններին։

«Այս շրջանում բանակցում ենք նաև մեկ այլ կինոփառատոնի մասնակցելու շուրջ: Մեզ համար առաջնային էր, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախ Հայաստանում տեղի ունենար»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ըստ Արման Նշանյանի՝ ֆիլմն ավելի քան հայկական է՝ չնայած ստեղծագործական կազմի աշխարհագրությունը մեծ է։ Ի դեպ, բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում։

«Նկարահանումները մեկնարկել էին 2020-ի փետրվարին, սակայն համավարակի թեժ օրերը սկսեցին, իսկ մեր ֆիլմի շատ դերասաններ, այդ թվում՝ Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից, պարզապես չկարողացան ժամանել Հայաստան։ Ի դեպ, ֆիլմի աշխարհագրությունն այդքանով չի ավարտվում․ նկարահանվել են նաև Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան և այլք, խոսքը արտերկրից ժամանած դերասանների մասին է։ Հայաստանից ֆիլմում խաղացել են Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք»,- ասաց Արման Նշանյանը։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսոր Մայքլ Գուրջյանը և՛ սցենարի հեղինակն է, և՛ գլխավոր դերակատարը։ Հարկ է ընդգծել, որ «Էմմի» և «Ոսկե գլոբուս» ստացած Մայքլ Գուրջյանը մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում։ Նա նկարահանվել է մի շարք ամերիկյան ֆիլմերում։

«Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ։ Նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք։ Հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել»,- նկատեց Արման Նշանյանը:

Հիշեցնենք, որ  հենց Նշանյանի ղեկավարած PEOPLE OF AR Productions ընկերության արտադրանքն է «Ամերիկացի»-ն։

Հավելենք, որ «Ամերիկացի»  ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:

Նշենք, որ «Ամերիկացի» ֆիլմը լսարանը կարող է դիտել «Կինոպարկ» և «Մոսկվա» կինոթատրոններում:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close