ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Թայվան. Տարածաշրջանում աննախադեպ լարվածություն է առաջացրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռը նախօրեին՝ օգոստոսի 2-ի երեկոյան, վայրէջք կատարեց կիսաճանաչված Թայվանի մայրաքաղաք Թայբեյի օդանավակայանում։ Փելոսիի այս այցը, որը կատարվում էր ասիական շրջագայության համատեքստում և հաջորդել էր Սինգապուր և Մալայզիա կատարված այցերին, պաշտոնական մակարդակով չհայտարարվեց։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք հայտնեց Փելոսիի ժամանման դեմ։ «Ոչ ոք չպետք է թերագնահատի Չինաստանի կառավարության և ժողովրդի ամուր վճռականությունը, ամուր կամքը և կարողությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասվում էր ՉԺՀ-ի ԱԳ նախարարության նախօրեին տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի Թայվան այցելելու ծրագրերը, որը Չինաստանը դիտարկում է որպես իր անջատված տարածք, հանգեցրել են Պեկինի զայրույթին ու սպառնալիքներին: Դեռ օգոստոսի 1-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը հայտարարել էր, որ Փելոսիի այցը Թայվան կոպտագույն միջամտություն կլինի Չինաստանի ներքին գործերին, և նշել, որ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը «ձեռքերը ծալած չի նստի»։
ՉԺՀ իշխանությունները մինչ Փելոսիի այցը Վաշինգտոնին բազմիցս զգուշացրել էին, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի նման ուղևորությունը կարող է տարածաշրջանում և երկկողմ հարաբերություններում նոր խորը լարվածություն առաջացնել ու հանգեցնել անդառնալի հետևանքների։
Թայվանի շուրջ վերջին լարված խոսակցությունը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի միջև տեղ գտած հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ ՉԺՀ առաջնորդը նշել էր, որ ԱՄՆ-ն պետք է հարգի մեկ Չինաստանի սկզբունքը, և ընդգծել, որ «նա ով կրակի հետ է խաղում, այրվում է»։
Ի պատասխան` Բայդենն էլ ընդգծել էր, որ Վաշինգտոնի քաղաքականությունը Թայվանի նկատմամբ փոփոխություններ չի կրել, և որ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է ստատուս քվոն փոխելու կամ Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու միակողմանի ջանքերին:
Այսպիսով, երբ Փելոսիի ինքնաթիռը ժամանեց Թայբեյ, չինական մամուլում սկսվեց տեղեկություներ շրջանառվել, որ չինական ռազմական ինքնաթիռները ուղղություն են վերցրել դեպի Թայվան: Այնուհետև զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ երեքշաբթի օրվանից իրենք որոշակի գործողություններ կանցկացնեն Թայվանի մերձակայքում, սակայն մի փոքր ավելի ուշ չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը նշեց, որ դրանք լինելու են ռազմական վարժանքներ։ Իսկ չինական անգլալեզու լրատվական Global Times-ը իր թվիթերյան էջում գրեց, որ «Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը հինգշաբթի օրվանից մինչև կիրակի օրը Թայվան կղզու շրջակայքում գտնվող վեց շրջաններում նշանակալից զորավարժություններ և ուսումնամարզական գործողություններ կանցկացնի, այդ թվում և մարտական կրակային վարժանքներ»։
Փելոսին էլ ինքնաթիռի վայրէջքից հետո հայտարարել էր․ «Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Թայվան Ամերիկայի անսասան աջակցության նշան է ուղղված ժողովրդավարական Թայվանին։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է ավտոկրատիայի և ժողովրդավարության միջև ընտրության առաջ, առավել քան երբևէ կարևոր է ցույց տալ Ամերիկայի համերաշխությունը Թայվանի 23 միլիոն ժողովրդի հետ»։
Այսօր առավոտ Կոնգրեսի խոսնակը արդեն ուղևորվել է Թայվանի օրենսդիր յուան (խորհրդարան), որտեղ նա թայվանյան հասարակությունը անվանել է «աշխարհում ամենաազատներից մեկը»։ Նա նաև կոչ է արել ընդլայնել միջխորհրդարանական կապերը Թայվանի հետ՝ անվտանգության և տնտեսական հարցերի քննարկման նպատակով։
Խորհրդարանում Փելոսիին խոսնակ Յու Սիկունի փոխարեն, ով ներկա չի գտնվել կորոնավիրուսային հիվանդության պատճառով, ընդունել է փոխխոսնակ Կայ Ցիչանգը, ով նրան անվանել է «Թայվանի ժողովրդի մեծ բարեկամ»։
Խորհրդարան կատարած այցից հետո Փելոսին ուղևորվել է Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի հետ հանդիպման։ Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահին Թայվանին աջակցելու համար և նրան հանձնել է երկրի պետական պարգև։
Բրիտանական BBC-ն գրում է` Փելոսիի այցը ցույց տվեց նրա և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի միջև եղած տարաձայնությունները, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները Փելոսիի այցը «այնքան էլ լավ միտք չեն համարում»։
Բայդենի վարչակազմը պաշտոնապես չի պաշտպանում կղզի այցելելու Փելոսիի որոշումը։ Սակայն, ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Փելոսին իրավունք ունի այցելել Թայվան, իսկ Սպիտակ տունը հարգում է ԱՄՆ Կոնգրեսի անկախությունը։ «Խոսնակը իրավունք ունի ուղևորվել Թայվան։ Պեկինը որևէ պատճառ չունի հնարավար այցը, որը համապատասխանում է ԱՄՆ-ի երկար տարիներ վարվող քաղաքականությանը, վերածել ճգնաժամի»,-լրագրողներին ասել էր Քիրբին։
Քիրբին ասել է, որ Փելոսիի այցը չի փոխի ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի հարցում, և Պեկինը պետք է քաջ գիտակցի, որ ԱՄՆ կառավարության ճյուղերի միջև իշխանությունների տարանջատումը նշանակում է, որ Փելոսին իր այցի վերաբերյալ ինքնուրույն կկայացնի որոշումը։
Նա ասել է, որ Փելոսին ճանապարհորդում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով, և թեև Վաշինգտոնը ինքնաթիռի վրա ուղղակի հարձակման վտանգ չի տեսնում, այնուամենայնիվ այդ փաստը մեծացնում է սխալ հաշվարկի կամ սխալի վտանգը։
Քիրբիի գնահատմամբ` Պեկինի պատասխանը կարող է ներառել Թայվանի մոտ հրթիռների արձակում, լայնածավալ օդային կամ ծովային զորավարժություններ կամ հետագայում ինչ-որ «կեղծ իրավական պահանջներ», ինչպես օրինակ, կարող է պնդել, թե Թայվանի նեղուցը, որը կղզին բաժանում է մայրցամաքային Չինաստանից, միջազգային ծովային ճանապարհ չի հանդիսանում։
«Մենք չենք ընկնի այդ թակարդը, բայց և զենքերը չենք թափահարի։ Միևնույն ժամանակ մեզ վախեցնել չի հաջողվի»,-ասել է Քիրբին։
Այնուամենայնիվ, չինական ռազմական ինքնաթիռներն արդեն մի քանի թռիչք են իրականացրել Թայվանի նեղուցը բաժանող միջին գծի մոտ։ Երկուշաբթի օրվանից մի քանի չինական ռազմանավեր գտնվում են Չինաստանն ու Թայվանը բաժանող ոչ պաշտոնական սահմանի մոտ։
Reuters-ի փոխանցմամբ՝ չինական կործանիչները բազմիցս են կատարել նման տակտիկական զորավարժություններ, որոնց ընթացքում կարճ ժամանակով մոտեցել են բաժանարար գծին և վերադարձել նեղուցի իրենց կողմը։ Թայվանի ռազմօդային ուժերն էլ իրենց հերթին են հայտարարել օդային տարածքում պարեկության մեկնարկի մասին։
Նույն օրը Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց նաև, որ լիովին տեղյակ է Թայվանի մերձակայքում ՉԺՀ-ի զորավարժությունների մասին և պատշաճ կերպով արձագանքելու է «թշնամու սպառնալիքներին»: