1ԳլխավորԼուրերՇոու Բիզնես

Ինչպես Արման Նշանյանը միավորեց Հովիկ Կեուչկերյանին, Մայքլ Գուրջյանին և համաշխարհային այլ անուններին  «Ամերիկացի» ֆիլմում (լուսանկարներ)

Օրերս Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկել է Արման Նշանյանի ընկերության՝ PEOPLE OF AR Productions-ի «Ամերիկացի» ֆիլմով։ Արման Նշանյանը ֆիլմում հանդես է եկել միայն որպես պրոդյուսեր՝ չցանկանալով որևէ դերով հանդես գալ։ Արմանի խոսքով՝ իր կերպարն, ըստ իրեն, չի համապատասխանում խորհրդային տարիների մասին պատմող ֆիլմին։

Արման Նշանյանի խոսքով՝ ֆիլմի աշխարհագրությունը, թեպետ, մեծ է, սակայն այն հայկական ֆիլմ է, որի հիմքում համամարդկային արժեքներն են։ Ըստ նրա՝ ֆիլմը կարող է հետաքրքրել նաև օտարազգիներին, քանի որ ինքը ֆիլմ արտադրելիս չի սահմանափակվում միայն Հայաստանով։

Ի դեպ, ֆիլմն ամբողջապես նկահարահանվել է Հայաստանում, ընդ որում՝ նկարահանումները համընկել էին համավարակի տարածման հետ, ինչը հավելյալ խնդիրներ էր առաջացրել ստեղծագործական թիմի համար, քանի որ ֆիլմի անձնակազմի աշխարհագրությունը բավական մեծ է։ 

«Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և գլխավոր դերակատարը «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է, ով մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում։ Նա նկարահանվել է մի շարք ամերիկյան ֆիլմերում։ Մեծ անակնկալ է սպասվում նաև «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալի հայ երկրպագուներին․ ֆիլմում խաղացել է տվյալ սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանը»,- 365news.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արման Նշանյանը։

Հավելենք, որ ֆիլմի շրջանակներում Արման Նշանյանը համագործակցել է Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են։

«Ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք, հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել։ Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են նաև Նելլի Ուվարովան, Միխաիլ Տրուխինը, Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։ Ես ինքս ինձ չտեսա խորհրդային տարիների մասին պատմող ֆիլմում, չէի հավատա ինքս ինձ։ Ցանկանում են ընդգծել, որ ֆիլմի ստեղծման հարցում մեծ ներդրում ունեն Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը»,- ընդգծեց Արմանը։

Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:

Տեղեկացնենք, «Ամերիկացի» ֆիլմը Հայաստանում լսարանը կարող է դիտել օգոստոսի 18-ից։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close