ՀՀԿ-ում արձանագրել են «Պատիվ ունեմ» դաշինքի գոյության դադարումը. խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Հայկ Մամիջանյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները: Կուսակցությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։
«Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման և ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարևորությունը։
Նիստին ներկայացվել է նաև ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։
Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։
Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին և արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։
Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռևս գոյություն ունի և նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել և մնում է իշխանությունների հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական և հասարակական ուժերի ու գործիչների հետ։