ԼուրերԿարևորՏնտեսություն

Մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերը Լարսում ամբողջությամբ կվերանան. Վահան Քերոբյան

Բարձր տնտեսական աճը պետք է ուղղված լինի այն բանին, որ բնակիչներն ապրեն ավելի լավ: Վերջինիս արդյունքները կառավարությունը պետք է բաշխի այնպես, որ աղքատությունը նվազի: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ այսօր սննդամթերքի գնի բարձրացման պատճառով մենք կանգնած ենք աղքատության թվի մեծացման շեմին:

«Դրա համար կառավարությունն ունի ռազմավարություն. մյուս տարվանից բարձրանալու է նվազագույն աշխատավարձը, և նոր աշխատատեղեր են ստեղծվում: Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծել: Սա է մեր գործողությունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել խոցելի խավերի եկամուտները: Կենտրոնական բանկն էլ պայքարում է գնաճի դեմ, և պետք է արձանագրել, որ մենք ունենք տարածաշրջանում ամենացածր գնաճը»,- նկատել է Վահան Քերոբյանը:

Իսկ հայ-թուրքական սահմանների հնարավոր բացումը նախարարը համեմատել է փակուղու և խաչմերուկի տարբերությունների հետ:

«Սահմանի բացվելուց հետո Հայաստանը փակուղուց կդառնա խաչմերուկ: Բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ»,- նշել է նա:

Խոսելով Լարսի անցակետի մասին՝ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ որպես Լարսի անցակետին այլընտրանք՝ դիտարկում է երկու տարբերակ՝ լաստանավի ստեղծում Փոթիում կամ Բաթումում:

«Լաստանավի վերջնական թույլտվությունը դեռ չենք ստացել: Հոլանդական ընկերությունը, որը պետք է տա թույլտվությունը, միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին, ինչի պատճառով թույլտվությունը ձգձգվում է: Հույս ունենք, որ լուծում կստանանք: Սրա այլընտրանքը Բաթումի նավահանգիստն է, որն ի դեպ, կառավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Երկու տարբերակներից մեկը, այնուամենայնիվ, կլինի: Խնդիրը մեզ համար կարևոր է, քանի որ Հայաստանը բոլոր ուղղություններով պետք է ունենա լավ կապեր»,- ընդգծել է Վահան Քերոբյանը:

Նա շեշտել է, որ պետք է փորձել անել, այլ ոչ թե ասել, որ հնարավոր է՝ այս ծրագիրը չստացվի։

«Կարելի է բոլոր ռիսկերը նկատի ունենալ, և ոչինչ չանել, կարելի է և ռիսկի գնալ ու պլանավորած արդյունքից մեծ արդյունք ստանալ: Պետք է փորձել անել, ոչ թե ասել, որ հնարավոր է՝ այս պրոյեկտը չստացվի: Մենք մեր նախարարությունում մարդկանց քաջալերում ենք անել համարձակ նախագծեր»,- ասել է Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին Լարսը բաց է ավտոմեքենաների համար, իսկ գոյացած մեծ հերթերը կվերանան մեկ ամսվա ընթացքում:

«Մեր աշխատանքի արդյունքում կարողացել ենք հասնել այն բանին, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, եթե երկու ամիս առաջ անցնող հայկական ավտոմեքենաների թիվը 130 էր, հիմա մոտ 250 է: Այս պահին աշխատանքներ են տարվում նաև արագ փչացող ապրանքների արագ անցման համար: Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան»,- եզրափակել է  նախարարը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close