ԼուրերՔաղաքականություն

ՔՊ-ն չի պատրաստվում այդ պաշտոնները լրացնել. Հովհաննիսյանն՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու մասին

Եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար նոր թեկնածու չառաջադրեն, դրանք կմնան թափուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր չէ լրացնել այդ պաշտոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու որոշմանը:

«Ձևավորման փուլում անհրաժեշտ են, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում ոչ Սահմանադրությամբ, ոչ ԱԺ կանոնակարգ օրենքով»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա, եթե ընդդիմությունն այդ պաշտոնների համար նոր թեկնածու չառաջադրի սահմանված ժամկետում, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այն անցնում է մեծամասնությանը:

«Սակայն, ես այս պահին կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ դեպքում այդ պաշտոնները թափուր կմնան:

Անդրադառնալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրական հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Արմեն Գևորգյանին ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանին՝ նա ասաց, որ Արմեն Գևորգյանն ունի բացակայությունների խնդիր, սակայն այս պահին որոշում է կայացվել միայն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի հետ կապված, եթե հետագայում նոր որոշում լինի, դրա մասին կտեղեկացնեն:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այլևս ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը չքննարկեն՝ խմբակցության քարտուղարն ասաց, որ դա կախված է հանգամանքներից:

«Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռ քննարկման փուլում է: Պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով՝ մենք կկայացնենք որոշում»,- նշեց նա:

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, նաև դադարեցրեց Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close