ԼուրերՆերքինՔաղաքականություն

Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ՀՀ ազգային ժողովի  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին պատգամավորը հայտարարություն է տարածել:

«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ»,- նշել է Գևորգյանը:

Ըստ նրա՝ նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իր անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես, իր խոսքով,  դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Պատգամավորը, սակայն, միևնույն ժամանակ հայտնել է, որ շարունակելու է աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են պետության համար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close