ԱշխարհԼուրեր

G7-ը կշարունակի ջանքեր գործադրել՝ հակազդելու ռազմական գործողությունների «բացասական և վնասակար» գլոբալ հետևանքներին. ինչի՞ մասին են պայմանավորվել «Մեծ յոթնյակի» երկրները

«Մեծ յոթնյակը» (G7) կքննարկի ռուսական նավթի ծովով փոխադրման արգելք սահմանելու տարբերակը, եթե այն ձեռք չի բերվել համաձայնեցված գնով։ Այս մասին ասվում  է գերմանական Բավարիայում կայացած գագաթնաժողովի արդյունքում G7-ի երկրների կողմից ընդունված համատեղ կոմյունիկեում: G7-ը փաստաթղթում նաև խոստացել է շարունակել աջակցությունը Ուկրաինային և կոչ է արել Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու ընթացող ռազմական գործողությունները:

G7 երկրների ղեկավարները պայմանավորվել են «լուրջ տնտեսական ծախսեր» ապահովել Ռուսաստանի համար՝ ի պատասխան նրա ռազմական գործողության։ Միևնույն ժամանակ, G7-ը կշարունակի ջանքեր գործադրել՝ հակազդելու ռազմական գործողությունների «բացասական և վնասակար» գլոբալ հետևանքներին։

Անդրադառնալով ծովով ռուսական նավթի մատակարարման հնարավոր արգելքին՝ G7-ի երկրների ղեկավարները համատեղ կոմյունիկեում նշել են, որ այս տարբերակը դիտարկելիս փորձում են այնպես անել, որպեսզի «առավել խոցելի և ազդեցության տակ գտնվող երկրները պահպանեն մուտքը էներգետիկ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստանից: Մենք հրավիրում ենք բոլոր համախոհ երկրներին մտածել մեր գործողություններին աջակցելու մասին: Մենք հանձնարարում ենք մեր համապատասխան նախարարներին շարունակել հրատապ քննարկել այս միջոցառումները՝ խորհրդակցելով երրորդ երկրների և մասնավոր հատվածի հիմնական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև էներգակիրների առկա և նոր մատակարարների հետ՝ որպես այլընտրանք ռուսական ածխաջրածիններին»։

Չինաստանին ուղղված կոչի մասով էլ նշվում է. «Քանի որ Ռուսաստանը վարում է իր անհիմն, չհրապարակված և անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ, մենք կոչ ենք անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ անհապաղ կատարել Միջազգային դատարանի 2022 թվականի մարտի 16-ի օրինական պարտավորեցնող որոշումը և հետևել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևերին և դադարեցնել իր ռազմական ագրեսիան՝ անհապաղ և անվերապահորեն դուրս բերելով իր զորքերը Ուկրաինայից»:

Գագաթնաժողովից հետո G-7-ի երկրների առաջնորդները խոստացան շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», և Մոսկվային մեղադրել են էներգետիկ անվտանգության կտրուկ վատթարացման և ամբողջ աշխարհում պարենամթերքի հասանելիության խոչնդոտման մեջ:

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական ​​աջակցություն… Մենք պատրաստ ենք շահագրգիռ երկրների հետ միասին համաձայնեցնել Ուկրաինայի հետ կայուն անվտանգության պարտավորությունները»,- ասվում է կոմյունիկեի հակիրճ տարբերակում:

Կոմյունիկեում նաև ընդգծվում է, որ G-7-ի երկրների կողմից մարդասիրական ոլորտում միայն 2022 թվականին տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է ավելի քան 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար, և զուգահեռաբար պատրաստակամություն է հայտնվում տրամադրել ևս 29,5 միլիարդ ԱՄՆ դոլար բյուջետային օգնություն։ Այս համատեքստում նաև նշվում է, որ իրենք «վճռականորեն հավատարիմ» են ուկրաինական վերակառուցմանը աջակցելուն՝ «միջազգային վերակառուցման համաժողովի և ծրագրի միջոցով, որը կազմվել և իրականացվել է Ուկրաինայի կողմից՝ միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close