
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 27-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հրթիռներով հարձակում են իրականացրել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ուկրաինական բանակին մատակարարված սպառազինությունների և զինամթերքների անգարների վրա, որոնք տեղակայված են եղել Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Կրեմենչուկ քաղաքի ճանապարհային մեքենաշինական գործարանի տարածքում:
«Բարձր ճշգրտության հարձակումը հանգեցրել է արևմտյան արտադրության սպառազինության և զինամթերքի չեզոքացմանը, որը կենտրոնացված է պահեստի տարածքում՝ Դոնբասում ուկրաինական զորքերի խմբին մատակարարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային ուժերի և հրետանային ստորաբաժանումների հետ միասին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ 24 հրամանատարական կետի, 58 հրետանային և ականանետային ստորաբաժանումների դիրքերի, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման 304 կետի։
ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են մեկ ուկրաինական Су-25 ինքնաթիռ և մեկ Ми-8 ուղղաթիռ, ինչպես նաև 9 ԱԹՍ:
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ըստ ՌԴ ՊՆ-ի կողմից ոչնչացվել է 218 ինքնաթիռ, 133 ուղղաթիռ, 1382 ԱԹՍ, 350 հրթիռային համալիր, 3837 տանկ և այլ տեսակի զրահատեխնիկա, 690 հրթիռային համազարկային կայանք, 3037 միավոր հրետանի և ականանետ։
——————————————————————————————————————————
Հունիսի 28-ի առավոտյան Ուկրաինայի գլխավոր շտաբի ամփոփագրում նշվում է, որ Սլավյանսկի ուղղությամբ ռուսական զորքերը պայմաններ են ստեղծում քաղաքի վրա հարձակվելու համար։ Հիմնական ջանքերը ուղղված են Իզյում-Սլավյանսկ ուղղությամբ հարձակումը շարունակելուն:
Խարկովի ուղղությամբ ռուսական կողմը իր հիմնական ջանքերը կենտրոնացնում է ուկրաինական զորքերի առաջխաղացումը դեպի Ուկրաինայի սահման կանխելու ուղղությամբ, շարունակում է հարձակողական գործողությունները՝ մարտավարական իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների գործողությունները զսպելու համար։
Լիսիչանսկի ուղղությամբ հակառակորդը Բախմուտ-Լիսիչանսկի ավտոճանապարհը վերահսկողության տակ վերցնելու ջանքերը չի թողնում:
Գլխավոր շտաբի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական բանակը կորցրել է 1567 տանկ, 3704 զրահատեխնիկա, 778 հրետանային համակարգ, 217 ինքնաթիռ և 636 անօդաչու թռչող սարք, իսկ զինվորականների շրջանում կորուստների թիվը հասնում է 35250-ի:
——————————————————————————————————————————
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր առավոտյան հրապարակած զեկույցում կենտրոնացել է այն փաստի վրա, որ Ռուսաստանը հունիսի 24-26-ը անսովոր ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին։
Բրիտանական պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ռուսական բանակը հարվածների համար օգտագործել է խորհրդային նախագծման X-22 (AS-4 KITCHEN ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման) հեռահար հրթիռներ, ինչպես նաև և ավելի ժամանակակից X-101 (AS-23a KODIAK ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման) հրթիռներ: Դրանք արձակվել են Ռուսաստանի և Բելառուսի օդային տարածքում գտնվող ինքնաթիռներից:
Նշվում է, որ այդ հրթիռները «նախագծվել են որպես ռազմավարական նշանակություն ունեցող զենք, սակայն Ռուսաստանը շարունակում է դրանք մեծ քանակությամբ օգտագործել՝ մարտավարական առավելություն ստանալու համար»:
Զեկույցում նշվում է նաև, որ, ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, ուկրաինական ուժերը շարունակում են ուժեղացնել իրենց դիրքերը Լիսիչանսկում՝ հաջողությամբ հարվածներ հասցնելով ռուսական զորքերին։ Ռուսական հրամանատարությունը վեց բանակների հիմնական ստորաբաժանումները տեղափոխել է Դոնբաս, սակայն նրանց հաջողվել է միայն Սևերոդոնեցկի ուղղությամբ հասնել մարտավարական հաջողության, իսկ ունեցած ուժերը գնալով սպառվում են։
——————————————————————————————————————————
Փոխանակման շրջանակում ուկրաինացի զոհված զինծառայողների ևս 46 դի է վերադարձվել հայրենիք, այս մասին հաղորդում է երկրի վերաինտեգրման նախարարությունը։
«Զապորոժիեի շրջանում հերթական օպերացիան է անցկացվել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները վերադարձնելու համար: Ուկրաինան արժանի հուղարկավորության համար վերադարձրեց 46 հերոս պաշտպանների մարմինները: Նրանցից 21-ը «Ազովստալի» պաշտպաններ են»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
——————————————————————————————————————————
ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնյաները «կորցնում են վստահությունը», որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել ռուսական ռազմական գործողության սկզբից կորցրած տարածքները, այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան սեփական աղբյուրներին։
Լրատվականը նշում է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմն ընդգծում է, որ մտադիր չեն ճնշում գործադրել Կիևի վրա՝ Մոսկվային տարածքային զիջումների գնալու համար։
CNN-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Ուկրաինայի տարածքային կրճատումն «անխուսափելի չէ», բայց այն «մեծ մասամբ, եթե ոչ ամբողջությամբ», կախված է Կիևին Վաշինգտոնի տրամադրած օգնության չափերից։
Անանուն ռազմական պաշտոնյան և արևմտյան հետախուզությանը ծանոթ աղբյուրը ասել է, որ քիչ հավանական է, որ Ուկրաինան «կկարողանա հավաքել այն ուժերը, որոնք անհրաժեշտ են մարտերի ընթացքում Ռուսաստանին զիջած ողջ տարածքները վերադարձնելու համար, հատկապես այս տարի»:
________________________________________________________________________________
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բավարիայում G7-ի գագաթնաժողովի ավարտին ասել է, որ Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի վրա պատժամիջոցների և այլ սահմանափակումների տեսքով միայն կավելանա, և Պուտինի համար այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը Ուկրաինայում իր պլանների ձախողումն ընդունելն է:
Շոլցն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր զարգացման ուղին՝ առանց հարևանների կողմից հարձակման սպառնալիքի ենթարկվելու։
Կանցլերի խոսքով՝ Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա երեկ տեղի ունեցած հրթիռային հարձակումը հերթական վկայությունն է Ուկրաինայի բնակչության նկատմամբ Պուտինի դաժանության մասին։
——————————————————————————————————————————
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բավարիայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մեր աջակցությունը Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և անհրաժեշտ ինտենսիվությամբ՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ցանկության մասին՝ Մակրոնn ասել է. «Ոչ ոք չի մտածում առաջիկա շաբաթներին կամ ամիսներին պատերազմն ավարտելու մասին»։ Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատերազմից ելք կգտնվի, բայց միայն այն պայմանով, որ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։
——————————————————————————————————————————
Հունիսի 27-ին Կրեմենչուգ քաղաքի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռներից մեկը խոցել է Կրեմենչուկի ճանապարհային մեքենաների «Կրեդմաշ» գործարանի տարածքը։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով ձեռնարկության ղեկավարությանը։
Գործարանի աշխատակիցների թվում վիրավորներ չկան, «Суспільне. Полтава» պորտալին հայտնել է հաստատության վերահսկիչ խորհրդի նախագահ Նիկոլայ Դանիլեիկոն։
Հրթիռի խոցման պատճառով ենթակառուցվածքը մասամբ ավերվել է։ Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնք ցույց են տալիս գործարանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները։