ԼուրերԿարևոր

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կհայտարարվի պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Գործադիրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները: Ըստ հիմնավորման՝ ԶՈւ կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն ունեն առանձնահատուկ բնույթ՝ համապատասխան գնման առարկայի սահմանափակ հասանելիության, ինչպես նաև այդ շուկայի առանձնահատկությունների հետ կապված:

Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հնգամյա ծրագիր, ՍՌՏ ձեռքբերումների գերակշիռ մասը կազմում են միջազգային ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող գնումները, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը և արտահանումը, միջնորդական գործունեությունը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեություն, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշակի առանձնահատուկ ընթացակարգեր նախատեսել ՍՌՏ գնումների կատարման համար՝ դրանց հիմնավորվածությունը և նպատակայնությունն ապահովելու, գործընթացին մասնակցող ստորաբաժանումների և այլ մասնակիցների գործողությունները հստակեցնելու, գնման գործընթացները «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստներով տնտեսող, արդյունավետ և օգտավետ սկզբունքով իրականացնելու նկատառումներից ելնելով:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close