
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ստամբուլում «հացահատիկի խնդրի» վերաբերյալ ծրագրված տեխնիկական հանդիպման մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամկետները դեռևս պարզ չեն:
«Ստամբուլում տեխնիկական հանդիպում է նախատեսվում, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»,- Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Չավուշօղլուն։
Իր հերթին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ որոշակի առաջընթաց կա Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ։
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դա իրագործելի է համարում և աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին։
Նրա խոսքով, Անկարան ջանքեր է գործադրում պարենային խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
«Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս հարցի շուրջ շարունակում է ակտիվ բանակցությունները, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ Եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա կստեղծվի մոնիտորինգի կենտրոն, ինչպես նաև «անվտանգության գոտի» անմիջապես Ուկրաինայի ջրերից դուրս»,-ասել է նա:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի կամ այլ ապրանքների անօրինական վաճառքին և վստահեցրել, որ Թուրքիան նման ապրանքներ չի ընդունի։