
Չինաստանն արեգակնա-սինքրոնային ուղեծիր է դուրս բերել «Յոգան-35» շարքի հեռագործ զոնդավորման երեք արբանյակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):
Երեք արբանյակներով «Չանչժան-2D» կրող հրթիռը մեկնարկել է Սիչանի տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 10:22-ին (Երևանի ժամանակով 06:22-ին), հետևում է հաղորդագրությունից: Ըստ կորպորացիայի տվյալների, դուրսբերված ապարատներն օգտագործվելու են գիտական փորձարկումներ անցկացնելու, երկրի հեռագործ զոնդավորման և ռեսուրսների հետախուզման համար:
«Չանչժան-2D» երկաստիճանավոր կրող հրթիռը մշակվել է Շանհայի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի (SAST) կողմից՝ ցածր շուրջերկրյա ուղեծիր արբանյակների դուրսբերման համար: Մշակողների տեղեկատվության համաձայն, այն նաև կարող է մինչև 1300 կիլոգրամ օգտակար բեռնվածք դուրս բերել շուրջ 645 կիլոմետր բարձրությամբ արեգակնա-սինքրոնային ուղեծիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: