ԱշխարհԼուրերԿարևոր

Իրավիճակը չափազանց բարդ է. Լուգանսկի մարզի ղեկավար (թարմացվող)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի 57-րդ մոտոհրաձգային բրիգադի 34-րդ գումարտակի կորուստները Միրնայա Դոլինա բնակավայրի մոտ երկու օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերից հետո կազմել են ավելի քան 150 զոհ և մոտ 450 վիրավոր: Իսկ ահա Դոնեցկի մարզի Կլինովոյե բնակավայրի տարածքում ընթացած մարտերից հետո ուկրաինական բանակի 30-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումները կորցրել են անձնակազմի ավելի քան 50 տոկոսը:

Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի կուտակման 460 կետ, որի արդյունքում զոհվել է 650 ուկրաինացի զինվորական:

ՌԴ ԶՈւ ՀՕՊ ուժերը, ըստ ՊՆ-ի հայտարարության, խոցել են ուկրաինական 21 ԱԹՍ:

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, ըստ ՌԴ ՊՆ-ի, ոչնչացվել է 211 ինքնաթիռ, 132 ուղղաթիռ, 1329 ԱԹՍ, 349 հրթիռային համալիր, 3750 տանկ և այլ տեսակի զրահատեխնիկա, 647 հրթիռային համազարկային կայանք, 2088 միավոր հրետանի և ակնանանետ։

——————————————————————————————————————————

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների մասին առավոտյան իր զեկույցում հաստատել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Լուգանսկի շրջանի Լոսկուտովկա և Ռայ-Ալեքսանդրովկա բնակավայրերը։ Սա նշանակում է, որ ռուսական բանակը մոտեցել է իր նպատակին՝ շրջապատել Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողներին, որոնք պաշտպանում են Գորսկոյեն և Զոլոտեն Լիսիչանսկի հարավը։

Սևերոդոնեցկին մոտ ռուս զինվորականները գրոհում են Սիրոտինո քաղաքային տիպի ավանը: Բացի այդ, Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, ռուսական բանակը պատրաստվում է անցնել Սևերսկի Դոնեց գետը, որը բաժանում է Սևերոդոնեցկը Լիսիչանսկից։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական զորքերն առաջ են շարժվում նաև Բախմուտի ուղղությամբ և այդ շրջանում Կենտրոնական ռազմական շրջանից մեկ գումարտակային-մարտավարական խումբ են տեղափոխել։

Խարկովի ուղղությամբ, ըստ ուկրաինացի զինվորականների, ռուսական բանակը «կենտրոնացրել է իր հիմնական ջանքերը, որպեսզի պաշտպանական ուժերին թույլ չտա հասնել օկուպացիոն զորքերի խմբի թիկունք, որը գործում է Սլավյանսկի ուղղությամբ»։

Ինչ վերաբերում է Յուժնոբուժի ուղղությանը, ապա, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսական բանակն այս ուղղությամբ ևս «կենտրոնացնում է իր հիմնական ջանքերը Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում ուկրաինական զորքերի նախաձեռնած հակահարձակողական գործողությունները կանխելու համար»։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական բանակը կորցրել է 1504 տանկ, 3632 զրահատեխնիկա, 756 հրետանային համակարգ, 216 ինքնաթիռ և 620 անօդաչու թռչող սարք, իսկ զինվորականների շրջանում կորուստների թիվը հասնում է 34430-ի:

——————————————————————————————————————————

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առավոտյան հրապարակած իր զեկույցում նշում է, որ հունիսի 19-ից ռուսական զորքերը, հավանաբար, ավելի քան հինգ կիլոմետր առաջ են շարժվել դեպի Լիսիչանսկ՝ Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքը, որը դեռ մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ:

«Ուկրաինական որոշ ստորաբաժանումներ նահանջել են, հավանաբար, շրջապատումից խուսափելու համար: Այս շրջաններում Ռուսաստանի զորքերի դիրքերի բարելավումը, հավանաբար, կապված է վերջին համալրումների և կրակի կրկնապատիկ կենտրոնացման հետ»,- ասվում է բրիտանական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ բրիտանացի զինվորականների՝ ռուսական բանակը «մեծ ճնշում է գործադրում Լիսիչանսկ-Սևերոդոնեցկ աղեղի վրա՝ աստիճանական հարձակում զարգացնելով ամրացված շրջանների շուրջ: Այնուամենայնիվ, Դոնեցկի շրջանի արևմուտքը գրավելու համար ավելի մեծ շրջափակում իրականցնելու նրա փորձերը մնում են անհաջող»։

——————————————————————————————————————————

Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը իր թելեգրամյան ալիքում, նկարագրելով մարզում տիրող իրավիճակը, գրում է. «Իրավիճակը չափազանց բարդ է. ռուսները հավաքեցին բոլոր ռեզերվները և այս ամենը ուղարկեցին հարձակման Սևերոդոնեցկի և Զոլոտե-Տոշկովկա ուղղությամբ»:

Ըստ Գայդայի՝ «Լիսիչանսկ-Բախմուտ մայրուղին չի գրոծում» և իրենք օգտագործում են այլ «հաղորդակցության ուղիներ»։ Նախկինում այս մայրուղին կոչվում էր «կյանքի ճանապարհ», քանի որ այն օգտագործվում էր ուկրաինական զորքերի մատակարարման և մարդկանց տարհանման համար։

Գայդայը նաև նշել է, որ շարունակվում է տարհանումն ու հումանիտար օգնության առաքումը Լիսիչանսկ։

Նա նաև հեռուստատեսության եթերով հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը, հնարավոր է, ստիպված լինեն նահանջել Լիսիչանսկի իրենց ճակատային դիրքերից՝ շրջափակումից խուսափելու համար այն բանից հետո, երբ ռուսական բանակը գրավել է քաղաքից հարավ գտնվող երկու բնակավայր։

«Շրջափակումից խուսափելու համար մեր հրամանատարությունը կարող է զորքերին հրամայել նահանջել նոր դիրքեր: Ամբողջ Լիսիչանսկը գտնվում է նրանց կրակի հասանելիության շրջանակում։ Քաղաքի ներսում շատ վտանգավոր է»,- ասել է Գայդայն իր խոսքում:

——————————————————————————————————————————

Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունն իր այսօրվա հրապարակած զեկույցում հայտարարել է, որ Զմեյնի կղզում հերթական հարվածներն են հասցրել ուկրաինական դիրքերի վրա։

«Զմեյնի կղզում հակառակորդի ուժերն և միջոցները ջախջախելու ռազմական գործողությունը շարունակվում է։ Գրանցվել է ևս մեկ Панцирь-С1 զենիթահրթիռային համակարգի խոցում»,- ասվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցչի զեկույցում:

Ըստ օպերատիվ տվյալների՝ Զմեյնոյեի վրա ռուսական խմբավորումը բաղկացած է ՀՕՊ ստորաբաժանումներից, նավային խմբից և հատուկ նշանակության ջոկատներից։ Նաև կղզում կան երեք միավոր հրթիռային և հրետանային կայանքներ։

——————————————————————————————————————————

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը ոչնչացնում են արևելյան Դոնբասի քաղաքները, ինչպես դա արեցին Մարիուպոլում։

«Զավթիչների նպատակը մնում է նույնը. քայլ առ քայլ ողջ Դոնբասը հիմնահատակ ոչնչացնել։ Լիսիչանսկ, Սլավյանսկ, Կրամատորսկ. նրանք մտադիր են այս բոլոր քաղաքները վերածել Մարիուպոլի, և թողնել դրանց ավերակները»,- հայտարարել էր Զելենսկին երեկոյան ժողովրդին ուղղված ուղերձում։

Նա ռուսական զորքերը անվանել է «սատանայի արմադա», որը պետք է դուրս մղել երկրի սահմաններից, սակայն դրա համար Ուկրաինային հավասարություն է պետք մարտի դաշտում։

Առավելությունների հասնելն իր հերթին հնարավոր կլինի միայն Արևմուտքից ծանր սպառազինությունների հրատապ մատակարարումների միջոցով, ասել է Ուկրաինայի ղեկավարը։

——————————————————————————————————————————

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բելառուսցի գործընկեր Վիկտոր Խրենինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորումը և հակաօդային պաշտպանության համակարգը հրատապ միջոցների կարիք ունեն՝ մարտունակությունը բարձրացնելու համար։

«Հանգամանքները թելադրում են հրատապ համատեղ միջոցներ ձեռնարկել Միութենական պետության պաշտպանունակության ամրապնդման, զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորման մարտունակության բարձրացման և ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի մարտունակության բարձրացման համար»,- իր խոսքում ասել է Շոյգուն:

Վերջինիս խոսքով՝ այսօր այս հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում, և Ռուսաստանը պատրաստ է դրանում «ցանկացած աջակցություն ցուցաբերել բելառուս ընկերներին»։

Այս համատեքստում ավելացնենք, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հինգշաբթի հայտարարել էր, որ Բելառուսի տարածքն ու օդային տարածքը հրթիռային հարվածների համար օգտագործելու սպառնալիքը պահպանվում է, և չի բացառվում դիվերսիոն-հետախուզական խմբերի տեղափոխումը Ուկրաինայի տարածք, առաջին հերթին ուկրաինական զորքերի մատակարարման ուղիներում դիվերսիաներ իրականացնելու համար։

Բացի այդ, Բելառուսը կարող է Ռուսաստանին տրամադրել իր սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որը հետագայում կարող է տեղափոխվել Դոնեցկի կամ Խերսոնի ուղղությամբ՝ ռուսական զորքերի խումբը ուժեղացնելու համար։

——————————————————————————————————————————

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը հայտնել է, որ ամերիկյան HIMARS համազարկային հրթիռային համակարգերի խմբաքանակը հասել է Ուկրաինա։

——————————————————————————————————————————

ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2024 թվականի նախագահական մրցարշավի հավանական թեկնածու Մայք Պոմպեոն ասել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ծրագրված ցեղասպանություն է, և դրա նպատակն է ստեղծել նոր ռուսական կայսրություն, որը նման է նախկին ԽՍՀՄ-ին։

«Պուտինի անօրինական, հարձակողական պատերազմը ծրագրված ցեղասպանություն է, այսինքն՝ ժողովրդի միտումնավոր բնաջնջում, ինչպես սահմանված է 1948 թվականին ՄԱԿ-ի կանոնադրությամբ»,- ասել է Պոմպեոն՝ ելույթ ունենալով Հադսոնի ինստիտուտում:

Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ է մտնում նաև նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում էներգետիկ ռեսուրսների բռնագրավումը և էներգետիկայի ոլորտում ռուսական պայմանների հետագա պարտադրումը։ 

Սա ԱՄՆ-ի և աշխարհի համար մեծ տնտեսական կորուստների կհանգեցնի, ասել է Պոմպեոն։

Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը կանխելու միայն մեկ ճանապարհ կա՝ թույլ չտալ Ռուսաստանին վերահսկողություն հաստատել Դոնբասի վրա և շարունակել համապարփակ օգնության տրամադրումը Ուկրաինային։

«Ամերիկան ​​պահեստում Abrams տանկերի մեծ պաշար ունի, զգալի մասը պետք է անհապաղ պատրաստվի Ուկրաինա առաքման համար»,- ասել է նա:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close