
Խնդիրները լուծում ենք երկկողմ ձևաչափով, այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքի արգելափակումը։
«Մենք միշտ ելնում ենք նրանից, որ ԶԼՄ-ների և նրանց գործունեության խնդիրները պետք է լուծվեն երկու հիմնարար բանի հիման վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատության ու լրագրողների իրավունքների հարգում, որն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ի հայտ եկած խնդիրները Մոսկվան Բաքվի գործընկերների հետ լուծում է երկկողմ ձևաչափով, ընդգծել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ ապագայում նման նախադեպեր հնարավորինս քիչ կլինեն։
«Կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները լրատվական ոլորտում՝ ելնելով կեղծիքներին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից։ Մենք աշխարհի բոլոր երկրների հետ միասին, հավաքական հիմունքներով և ուրվագծված սկզբունքներով որոշելու բան ունենք»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում արգելափակվել էր ռուսական պետական լրատվական գործակալության կայքը՝ Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակման պատճառով։ Պաշտոնական Բաքուն արգելափակումը բացատրել է նրանով, որ «այս լրատվամիջոցը տեղեկատվություն է տարածում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և քարոզում է անջատողականություն»։