ԼուրերՔաղաքականություն

Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը. Սաղաթելյանը՝ վրանները հանելու մասին

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահեցում է, որ ընդդիմության «Դիմադրություն» շարժման հետքայլի մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են, իրենք պայքարը շարունակում են, թեև Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշումը հեշտ չի եղել ընդունել, սակայն իրենք պատասխանատու են շարժման վերջնարդյունքի համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում:

Ըստ Սաղաթելյանի՝ «Դիմադրություն» շարժումն անցնող ամիսների ընթացքում լուրջ ձեռքբերումներ է ունեցել, սակայն գլխավոր խնդիրը դեռ շարունակում է մնալ չլուծված:

«Դրա համար անհրաժեշտ է շարժման կառուցվածքի վերափոխման և մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք նաև մարզային կառույցներ: Շարժումը պետք է իր օջախները ձևավորի Արցախում և սփյուռքում, դրա բոլոր նախադրյալներն արդեն կան»,- ասաց Սաղաթելյանը:

Շարժման դադար վերցնելու, հետքայլի մասին լուրերին անդրադառնալով՝ նա վստահեցրեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են: Խոսելով Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու մասին՝ նա ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Հսկայական արդյունք ենք ունեցել՝ այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը: Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշում ընդունելու հարցը: Մեր խնդիրը ոչ թե վրաններով ցույց տալն էր մեր վճռականության մասին կամ ինչ-որ շրջանակների ինչ-որ բան ապացուցելը, այլ այս պայքարն արդյունավետ կազմակերպելը և վերջնական արդյունքի հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար»:

Անդրադառնալով այն քաղաքացիներին, որոնք մտածում են, որ վրանները հանելուց հետո պայքարը կթուլանա, կնահանջի, նա ասաց, որ 1-2 օր հետո կհամոզվեն հակառակում: Ըստ նրա՝ իրենց պայքարը շարունակվում է, պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով: Եթե կգա ինչ-որ փուլ, որ կորոշեն, որ այդ վրաններն իրենց անհրաժեշտ են, ապա վստահեցնում է, որ որևէ կաշկանդում չունեն:

Սաղաթելյանը նաև նշեց, որ օգոստոսից հետո վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու. «Այս գործընթացը պաշտոնապես կմեկնարկի այն ժամանակ, երբ դրա հաջողության հասնելու համար բավարար և  ամբողջական հիմքեր կլինեն»:

Իսկ վարչապետի հավանական թեկնածուի հարց ընդդիմությունը դեռ չի քննարկել:

Անդրադառնալով հարցին, որ իշխանական խմբակցությունը քննարկում է ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարց՝ նա ասաց, որ այդ մանդատներն իրենց տվել է ժողովուրդը, 270 հազար քաղաքացի իրենց քվե է տվել:

«Այսօր ժողովրդի, Հայաստանի կենսական շահերի օրակարգը փողոցում է: Այսօր մեզ մանդատ տված ժողովուրդը մեզանից ունի այդ ակնկալիքը: Այսօր մեր և իրենց օրակարգերը, այսինքն՝ խորհրդարանի ու փողոցի, շատ տարբեր են ու չեն հատվում: Մենք հստակ հայտարարել ենք՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,- ասաց նա:

Եթե լինեն օրակարգեր, որոնք կսպասեն ընդդիմության հայտարարած օրակարգերը, իրենք կլինեն խորհրդարանում:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close