ԼուրերՍպորտ

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել:

Տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս եկած առաջին ներկայացուցիչը՝ 86 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 354 կգ (160+194 կգ) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 160 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում 194 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր:

86 կգ քաշայինների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Կարեն Մարգարյանը, երկամարտի 337 կգ (152 + 185 կգ) արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ևս 8 ծանրորդ: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում էլ 3 մարզուհի է ընդգրկված՝ Իզաբելլա Յալյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ է մտել Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը. նա երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Այսօր՝ հունիսի 2-ին, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (մեկնարկը՝ 19:00-ից), իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը (ժամը 22:00):

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close