ԼուրերԿարևորՏնտեսություն

Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ գումարով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել

Կառավարությունը հավանություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Մասնավորապես, օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2022 թ. հուլիսի 1-ից հետո անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից կնքվող այն գործարքների համար, որոնց մի կողմը ֆիզիկական անձ է, և այն գործարքների դիմաց, որոնք կնքվում են ֆիզիկական անձանց միջև և գերազանցում են օրենքով սահմանված շեմը, վճարումն իրականացվելու է անկանխիկ ձևով: Օրենքի կիրառումն ապահովելու համար, անհրաժեշտ է սահմանել կարգավորումներ, որոնցով օրենքի պահանջներից խուսափելու և դրանք չկատարելու նպատակով մասնատված գործարքը կհամարվի մեկ միասնական գործարք օրենքի իմաստով և համապատասխան հոդվածների պահանջները չպահպանելը կհանգեցնի գործարքի անվավերության, այն է՝ այդ գործարքն առոչինչ է:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ կանխիկի շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է: 

«2022 թ. հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել: Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Եվ մենք, իհարկե, ենթաօրենսդրական ակտերով այս ամեն ինչը պիտի ապահովենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս փաթեթով էլ բարեփոխման ընթացքը չի ավարտվում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կանխիկի շրջանառության կրճատումը տնտեսական անվտանգության ապահովման շատ կարևոր արդյունք ունի նաև:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև առցանց հարթակներում կանխիկ գումարով խաղադրույքները սահմանափակող օրենքին, որը վերջերս է ընդունվել: 

«Արգելվում է կանխիկ գումարների և դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումն օնլայն խաղային հարթակներում: Սա էլ է շատ կարևոր բարեփոխում: Իմ ուշադրությունը գրավում է նաև այն փաստը, որ ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք՝ խաղային գովազդներ քաղաքում չեն լինելու, բայց թաքնված գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում ենք: Կներեք, բայց պետք չէ, որ վարչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաները դա նկատեն, զանգեն, ասեն: Գտեք ձևերը և թաքնված գովազդները վերացրեք, ընդհանրապես չտեսնենք: Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք: Ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն: Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close