
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին ծագած լարվածության համատեքստում նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ՝ ապահովելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։ Այս մասին ասվում է Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյցի հայտարարության մեջ:
«Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթ նշանակությունը, քանի որ իրականացվելու է սահմանի սահմանազատում։
Ավելի լայն իմաստով, նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր առկա խնդիրները, ներառյալ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն առաջ մղելը և հակամարտության բուն պատճառները լուծելը։ Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, որպեսզի պայմաններ ստեղծվեն կայուն և արդար խաղաղության համար։
Ինչպես հակամարտությունների ցանկացած ժառանգության դեպքում, այս համատեքստում տերմինաբանությունը հատկապես զգայուն է: Նախագահ Միշելի հայտարարությունը մայիսի 22-ի առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների կանխորոշված արդյունքի հաստատում: Վերջին հաշվով, ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերը լուծվեն համապարփակ կերպով: Սա ներառում է բնակչության բոլոր խմբերի իրավունքները և անվտանգությունը:
Հաղորդակցությունը հատուկ քննարկվել է մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորություններն ընդլայնելու նպատակով։ Այս համատեքստում երկու կողմերն էլ հաստատել են ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ արտատարածքային պահանջների բացակայությունը։ Հակառակի մասին շահարկումները ցավալի են:
Եվ վերջում, նախագահ Միշելը շեշտել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը: Նա ողջունել է Երևանի և Բաքվի առաջնորդությունը և բարեխղճորեն աշխատելու հայտնած մտադրությունը՝ բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար, ինչպես նաև հայտնել է ԵՄ պատրաստակամությունը մեծացնել աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը առաջիկա օրերին կմեկնի տարածաշրջան՝ հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին»,- ասված է հայտարարության մեջ: