1ԱշխարհԳլխավորԼուրեր

«Ի վերջո, մենք պետք է հաղթենք այս ճակատամարտում։ Եվ մեզ պետք է կինո, որը կապահովի հենց այդպիսի ավարտ». Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Կաննի կինոփառատոնի բացմանը (տեսանյութ)

Մայիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով ելույթ է ունեցել Կաննի 75-րդ կինոփառատոնի բացման արարողությանը։ Ուկրաինայի պատերազմին նվիրված տասը րոպեանոց ելույթի ժամանակ նա մեջբերումներ կատարեց Չարլի Չապլինի «Մեծ դիկտատորը» և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերից, ինչպես նաև հիշեց Ռոբերտո Բենինիի «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմերի հերոսներին և Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները»: 

NewArmenia.am-ը Ուկրաինայի նախագահի ուղերձը հրապարակում է թարգմանաբար և առանց կրճատումների


Տիկնայք և պարոնայք, ընկերներ:

Ինձ համար մեծ պատիվ է դիմել ձեզ։ Շատ շնորհակալություն:

Ես ձեզ մի պատմություն կպատմեմ: Իսկապես, «ես ձեզ մի պատմություն կպատմեմ» բառերով սկսվում են շատ պատմություններ։ Բայց այս մեկ պատմության մեջ շատ ավելի կարևոր, քան սկիզբը, կլինի նրա ավարտը: Եվ դա բաց ավարտ չի լինի: Վերջապես այն կարող է վերջ դնել հարյուր տարի շարունակվող ճակատամարտին։

Այս ճակատամարտը սկսվեց գնացքի ժամանումով։ Այնտեղից դուրս եկան հերոսն ու անտագոնիստը։ Եվ այսպես էկրանին ծնվեց առճակատումը, որը տեղափոխվեց իրական կյանք։ Սկզբում կինոն հայտնվեց մեր կյանքում, հետո դարձավ մեր կյանքը։ Եվ հետո այդ թվում և կինոյից էր կախված, թե ինչպիսին կլինի ապագան։

Իմ այսօրվա պատմությունը հենց այս ճակատամարտի մասին է: Ճակատամարտի և ապագայի մասին:

Հայտնի է, որ XX-րդ դարի ամենասարսափելի բռնապետերը սիրում էին կինոն։ Բայց այն, ինչ մնացել է նրանցից հետո, ամենակարևորը՝ սարսափելի վավերագրական կադրերն են: Ինչպես նաև ֆիլմեր, որոնք մարտահրավեր են նետել այդ բռնապետերին:

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Կաննում պետք է սկսվեր առաջին փառատոնը։ Բայց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Վեց տարի շարունակ կինոն այս պատերազմի ճակատում էր՝ ողջ մարդկության հետ միասին։ Վեց տարի կինոն պայքարում էր և’ ազատության և’, ցավոք, բռնապետության կողմից։ 

Հիմա, վերադառնալով կինոյին, կարող ենք տեսնել, թե ինչպես էր ազատությունը շարժվում դեպի հաղթանակ: Եվ ինչպես ի վերջո նա թույլ չտվեց բռնակալներին գրավել ժողովրդի սրտերը։

Այդ ճանապարհին շատ կարևոր կետեր կային: Սակայն, ամենաակնառուն 1940 թվականին էր, երբ անտագոնիստին հակառակ՝ աշխարհը տեսավ առաջին հայացքից աննկատ թվացող տղայի, ով ամենևին էլ հերոսի նման չէր։ Բայց պարզվեց, որ նա հենց այդպիսին էր։ 

Չարլի Չապլինի «Մեծ դիկտատորն» այն ժամանակ չկործանեց իրական բռնապետին, բայց նրա շնորհիվ կինոն դադարեց լռել և համր լինել. համր՝ բառիս բոլոր իմաստներով։ Կինոն խոսեց, և դա ազատության ապագա հաղթանակի ձայնն էր։

Արդեն այն ժամանակ՝ 1940 թվականին, էկրաններից հնչեց. «Մարդկային ատելությունը կանցնի, բռնապետերը կմահանան, իսկ ժողովրդից խլած իշխանությունը կվերադառնա ժողովրդին։ Եվ քանի դեռ մարդիկ մահանում են, ազատությունը երբեք չի զոհվի…»:

Այդ ժամանակից ի վեր, ըստ Չապլինի հերոսի, մարդկությունը շատ հիանալի ֆիլմեր է նկարահանել։ Թվում էր, թե բոլորն արդեն հասկացել էին, որ մարդկանց կարելի է գրավել գեղեցիկով՝ էկրանների մոտ հավաքելով, այլ ոչ թե այլանդակությամբ՝ հավաքելով նրանց ռմբապաստարաններում։ Թվում էր, թե բոլորն արդեն մտածում էին, որ սարսափը՝ լայնամասշտաբ պատերազմի տեսքով, որը կարող է պատել ամբողջ մայրցամաքը, այլևս չի շարունակվի։

Բայց դարձյալ, ինչպես այն ժամանակ, կա բռնապետ։ Դարձյալ, ինչպես այն ժամանակ, կա պատերազմ հանուն ազատության։ Կրկին, ինչպես այն ժամանակ, պետք է, որպեսզի ֆիլմը լուռ չլինի։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ՝ պատրաստվելով շարունակել դեպի Եվրոպա։ Եվ ի՞նչ պատերազմ է սա։ Այս հարցին ուզում եմ հնարավորինս պարզ պատասխանել՝ զինվելով խոսքերով, որոնք արդեն ասվել են կինոյի կողմից նախորդ մայրցամաքային պատերազմից հետո անցած տարիների ընթացքում։

Այս խոսքերի մեծ մասը դուք արդեն լսել եք։ Դրանք սարսափելի են հնչում էկրանի վրա։ Բայց ցավոք, դրանք իրականություն են դարձել։

Հիշո՞ւմ եք սա: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր դա հնչում կինոյում:

“Զգու՞մ ես: Նապալմ է, տղա՛ս։ Այս հոտը ոչ մի բանի հետ չես շփոթի։ Սիրում եմ նապալմի հոտն առավոտյան …»

Այո, դա սկսվեց Ուկրաինայում առավոտյան՝ ժամը չորսին, երբ լսեցինք հրթիռների առաջին պայթյունները։ Երբ սկսվեցին ավիահարվածները, և երբ մահը, սահմանով անցնելով Ուկրաինա, իր տեխնիկան նշեց սվաստիկայի անալոգով` Z նշանով։ 

«Նրանք բոլորն էլ ցանկանում են ավելի լավ նացիստներ լինել, քան Հիտլերը…»:

Հիմա չկա շաբաթ, որ սպանվածների և խոշտանգումների ենթարկված մարդկանց զանգվածային գերեզմաններ չհայտնաբերվեն այն տարածքում, որտեղ կային կամ դեռ կան ռուսական զորքեր։ Ռուսական ներխուժման պատճառով զոհվել է երկու հարյուր քսանինը երեխա։

«Նրանք ոչինչ չեն կարողանում անել, քան սպանել, սպանել, սպանել: Նրանք դիակներով լցրեցին Եվրոպան…»:

Դուք տեսաք, թե ինչ արեցին ռուս զինվորականները Բուչա փոքրիկ քաղաքում։ Դուք տեսել եք Մարիուպոլը։ Տեսաք «Ազովստալը»։ Տեսաք ռուսական ռումբով պայթեցված քաղաքային թատրոնը։ Ի դեպ, այն նման էր այն թատրոնին, որտեղ դուք եք հիմա գտնվում։ Այնտեղ հրետակոծությունից թաքնվում էին շարքային քաղաքացիական անձինք։ Երկու մեծ և շատ տեսանելի մակագրություններ՝ «Երեխաներ»։ Դրանք թատրոնի կողքի մայթին էին։ Եվ մենք երբեք չենք մոռանա դա, քանի որ դա նույնիսկ դժոխք չէ:

«Պատերազմը դժոխք չէ։ Պատերազմը պատերազմ է, իսկ դժոխքը՝ դժոխք:  Երկուսից պատերազմը շատ ավելի վատ է…»

Ավելի քան երկու հազար ռուսական հրթիռ արդեն հարվածել է Ուկրաինային։ Ամբողջությամբ ավերված են տասնյակ քաղաքներ, այրված են գյուղեր։ Ավելի քան 500 հազար ուկրաինացի բռնի ուժով արտաքսվել է Ռուսաստան։ Տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանում գտնվում են նացիստական ​​ճամբարների օրինակով ճամբարներում: Ոչ ոք չգիտի, թե քանի բանտարկյալ ողջ կմնա այնտեղ։ Բայց բոլորը գիտեն, թե ով է մեղավոր։

«Կարծում ես՝ օճառը քեզ կլվանա՞»:

Քիչ հավանական է։ Սա Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենասարսափելի պատերազմն է՝ առաջին հերթին Մոսկվայում գտնվող մեկ մարդու մեղքով։ Մարդիկ ամեն օր մահանում են։ Եվ նրանք չեն վերակենդանանա՝ «ստոպ, նկարահանված է» արտահայտությունից հետո։

Բայց ի՞նչ ենք մենք հիմա լսում։ Կինոն լռելու՞ է, թե՞ կխոսի:

Եթե ​​կա բռնապետ, եթե կա պատերազմ հանուն ազատության, և եթե դարձյալ, ինչպես այն ժամանակ, ամեն ինչ կախված է մեր միասնությունից, ապա արդյո՞ք կինոն զերծ կմնա այս միասնությունից։

Մեր քաղաքները վիրտուալ գրաֆիկայով չեն քանդված։ Շատ ուկրաինացիներ նմանվել են Գվիդոյին և փորձում են իրենց երեխաներին բացատրել, թե ինչու պետք է թաքնվեն նկուղում։ Շատ ուկրաինացիներ նմանվել են Ալդո Ռեյնին: Մեր երկրի հողն արդեն խազված է հազարավոր խրամատներով։

Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարը։ Եվ մենք այլ ելք չունենք, քան պայքարել հանուն ազատության։ Եվ ես վստահ եմ՝ բռնապետը կպարտվի։

Բայց պետք է հնչեն խոսքեր, ինչպես 1940 թվականին։ Պետք է հնչեն՝ ազատ աշխարհի բոլոր էկրաններից: Մեզ նոր Չապլին է պետք, որը հիմա էլ կապացուցի, որ կինոն չի լռում։

Հիշեք, թե ինչպես էր այն հնչում այն ​​ժամանակ.

«Ագահությունը թունավորել է մարդկանց հոգիները, լցրել աշխարհը ատելությամբ, մեզ մտցրել փորձանքի ու արյունահեղության մեջ։

Մենք արագություն հավաքեցինք, բայց փակվեցինք մեր մեջ: Տեխնիկան, որը մեզ բարգավաճում էր բերել, մեզ թողեց աղքատության մեջ։

Գիտելիքը մեզ ցինիկ է դարձրել։ Մեր ռացիոնալությունը կոշտ է և չար։

Մենք չափազանց շատ ենք մտածում և շատ քիչ ենք զգում: Մեքենաներից ավելի մեզ մարդկայնություն է պետք: Ռացիոնալությունից ավելի մեզ բարություն է պետք…

Նրանց, ով կարող է լսել ինձ, ես ասում եմ՝ մի հուսահատվեք… Մարդկային ատելությունը կանցնի, բռնապետերը կմահանան»։

Ի վերջո, մենք պետք է հաղթենք այս ճակատամարտում։ Եվ մեզ պետք է կինո, որը կապահովի հենց այդպիսի ավարտ։ Որպեսզի յուրաքանչյուր ձայն լինի ազատության կողմից: Եվ ամենից առաջ, ինչպես դա միշտ երևացել է՝ կինոյի ձայնը։

Շնորհակալ եմ բոլորիցդ։

Փա՛ռք Ուկրաինային։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close