Լուրեր

Պարը մշակութային հաղորդակցման լեզու է. ԿԳՄՍ նախարարը Պարի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ.

«Պարարվեստի՛ սիրելի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր:

Պարը, ի վերջո, մշակութային հաղորդակցման լեզու է, և այս տոնը կոչված է միավորելու բոլոր ուղղությունների պարերը՝ որպես արվեստի միասնական ձև, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման:

Պարը ոչ միայն արվեստի գեղեցիկ արտացոլում է, մարմնի լեզու, այլև ազգային պատմության, կենսակերպի ու ավանդույթների, իղձերի ու նվաճումների յուրօրինակ արտացոլում: Ի պատիվ պարարվեստի մեր երախտավորների՝ աշխարհը հաղորդակից է դառնում մեր պարային մշակույթի թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից դրսևորումներին, բացահայտում մեզ նաև այս տիրույթում: Մշակութային քաղաքականության համատեքստում պետությունը մի շարք ծրագրերով մշտապես աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ազգային պարարվեստը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև երիտասարդ կատարողների և պարուսույցների խրախուսմանը:

Պարարվեստի բոլոր գործիչներին մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր և լեփ-լեցուն դահլիճներ»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close