
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, համաձայնության է եկել Twitter-ի ղեկավարության հետ՝ գնելու ընկերությունը, հայտնում է Reuters-ը։
Գործարքի ընդհանուր գումարը կկազմի 44 մլրդ դոլար։ Բաժնետերերը կստանան 54,2 դոլար մեկ բաժնետոմսի համար, ինչը 38%-ով ավելի է ապրիլի 1-ի դրությամբ դրանց արժեքից, երբ պարզվեց, որ Մասկը ձեռք է բերել ընկերության 9% բաժնետոմս:
Twitter-ը հաստատել է ընկերության վաճառքը Մասկին։ Տնօրենների խորհուրդը միաձայն հաստատել է գործարքը: Սպասվում է, որ գործարքն ավարտին կհասցվի մինչև 2022 թվականի վերջ։
Գործարքի ավարտից հետո, ինչպես ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, ընկերությունը կդադարի լինել հրապարակային՝ նրա բաժնետոմսերը կարող են վաճառվել միայն արտաբորսային կարգով։
Twitter-ը գնելու մտադրության մասին Մասկն առաջին անգամ հայտարարել էր ապրիլի կեսերին։ Գործարարը նշել է, որ ցանկանում է վերջին տարիներին գրաքննության քաղաքականության համար քննադատվող սոցիալական ցանցը վերածել «ամբողջ աշխարհում խոսքի ազատությունն արտահայտելու վայրի»։