1ԳլխավորԼուրերՄիջազգային հարաբերություններ

Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ նման բան այլևս չի կրկնվի

Այս գիշեր Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ Twitter-ի միկրոբլոգում հայտնվել էր մի գրառում, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս խաղաղապահ զորախմբի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու հանգամանքից։ Այս առավել քան տարօրինակ և ակնհայտորեն չարտոնված գրառումն անհարմար դրության մեջ էր դրել թե՛ Ուկրաինայի պաշտոնական իշխանություններին, թե՛ Ուկրաինայի գրեթե կես միլիոն հայ համայնքին, որը երկրի համար այս դժվարին պահին, ուս ուսի տված, կանգնեց ուկրաինացի ժողովրդի կողքին։

Ինչպես հետագայում պարզվել է, հայկական կողմից արտահայտված տարակուսանքին ի պատասխան՝ Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «գիշերային» այդ թվիթը համաձայնեցված չի եղել խորհրդարանի ղեկավարության կամ տնօրինություններից որևէ մեկի հետ։ Խորհրդարանից նաև հայտնել են, որ սա խորհրդարանի միկրոբլոգի կառավարմամբ և առաջխաղացմամբ զբաղվող մասնավոր ընկերության SMM մասնագետի անպատասխանատու նախաձեռնությունն է եղել:

Ավելին, սա առաջին միջադեպը չէ կապված սոցցանցերում խորհրդարանի էջերի հետ, երբ չստուգված ու չհամաձայնեցված գրառումներ են արվում։ Սակայն, մինչ այդ ղեկավարությանը հաջողվում էր արագ կասեցնել նման «չարաճճիությունները» ու դրանք միջազգային սկանդալների առարկա չէին դառնում։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարությանը, ապա նրանք առավոտյան նույնպես ցնցված և տարակուսած են եղել Գերագույն ռադայի պաշտոնական էջում այդպիսի գրառումից։ Արդյունքում թվիթն անմիջապես ջնջվել է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ուկրաինական կողմը վստահեցրել է, որ նման բան այլևս չի կրկնվի:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close