ԼուրերՏնտեսություն

Հույս ունեմ՝ առաջիկայում որոշ ապրանքների էժանացումներ կունենանք. Փաշինյան

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգի քննարկումը, հանդես է եկել ելույթով:

Ստորև ներկայացվում է վարչապետի ելույթի սղագրությունը.

«Սիրելի հայրենակիցներ.

Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին: Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:

Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը: Կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար:

Մյուս կողմից, իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են:

Տնտեսության հետ կապված, ուզում եմ խոսել նաև լավատեսական նորությունների մասին: Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:

Էական է նաև, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ ունենք 646 077, որը 2021 թվականի համեմատ ավելի է 10.3 տոկոսով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 9 տոկոսով, 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 25.3 տոկոսով: Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականը մեր լավագույն տարին է եղել, և համեմատություններն այդ տարվա հետ են:

Բայց նաև պիտի ասեմ, որ դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ:

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ.

Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այն, ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով, և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է և անդրադառնալու է մեր վրա:

Մենք գտնվում ենք Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա թերևս մեր պատմական առաքելությունն է»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close