ԼուրերՏնտեսություն

ԵԱՏՄ-ում 430 ապրանքի մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել

Եվրասիական տնտեսական միության հարթակում մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու գների վրա»,- ընդգծեց Փաշինյանը;

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ մարտի 17-ի ԵԱՏՄ նիստի ընթացքում այդ որոշումն աննախադեպ էր։

«Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա։ Ունենք մի որոշում, որը կունենա միայն սոցիալական նշանակություն՝ մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։ Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆեկտ կլինի սպառողների համար»,- ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանը նշեց, որ սա առաջին փուլի փաթեթն էր, որովհետև աշխատանքները շարունակվում են այդ մասով։ Ըստ նրա՝ ներկայացվել են մեկ այլ խումբ ապրանքների գծով մաքսատուրքից ազատելու հայտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այդ հայտը քննարկվում է, և մոտ ժամանակներում կհրապարակվի ապրանքների ևս մի ցանկ, որոնք կազատվեն մաքսատուրքից։

«Դա դրական ազդեցություն կունենա և ակնհայտորեն կզսպի գների աճը»,- եզրափակեց Գրիգորյանը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close