Լուրեր

Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ Թուրքիայի հետ սահմանի բացմանը, նրա կարծիքով, սակայն, Հայաստանն այդ հարցում չպետք է խնդրողի դերում լինի: Ռոբերտ Քոչարյանը շեշտում է՝ բնական է, որ երկու երկրների սահմանը պետք է բաց լինի, բայց Հայաստանում գյուղացին, արտադրողը պետք է պաշտպանված լինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց փետրվարի 17-ին կայացած ասուլիսում:

«Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել: Ինձ համար այն ժամանակ ավելի հեշտ էր, մենք հաղթած կողմ էինք, մեր անվտանգությունը Ղարաբաղում ապահովված էր: Եվ մենք՝ որպես հաղթած կողմ, ասում էինք՝ հենց հիմա սահմանը բացեք: Իմ բանաձևը հետևյալն է՝ մենք սահմանը չենք էլ փակել: Սահմանը փակ է մյուս կողմից: Հենց իրենք բացեն, սահմանը կսկսի աշխատել»,- ասաց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի, սակայն, այդ սահմանն ինչ-որ տեղ հայկական շուկան պաշտպանող գործոն է հանդիսացել. այն ժամանակ, երբ Հայաստանում նոր-նոր ձևավորվել է վերամշակող արդյունաբերությունը, այդ փակ սահմանն ինչ-որ տեղ օգնել է:

«Դա մեզ հնարավորություն տվեց մի շարք ոլորտներում բավականին լուրջ հաջողություն գրանցել: Եթե իրենք ասեին, որ բացում են սահմանը, ուրեմն մենք շատ արագ կկիրառեինք բավականին լուրջ մեխանիզմներ մեր շուկան պաշտպանելու համար: Եվ հիմա էլ դա պետք է անել: Ուղղակի այն ժամանակ մեր դիրքերն ուրիշ էին: Այն ժամանակ մենք օրակարգ թելադրող էինք»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանը հավելեց՝ դեմ չէ, պետք է  սահմանը բացել, բայց պետք է հայ գյուղացուն պաշտպանել:

«Չպաշտպանես՝ ուղղակի ավերելու ես այն, ինչ այսօր կա: Ջերմոցային տնտեսությունները աղետի են ենթարկվելու, մշակաբույսերը բոլորը պետք է փոխեն: Կարտոֆիլ արտադրողների համար լրջագույն խնդիր է լինելու: Հասկանո՞ւմ է դա մե գյուղացին, թե՞ ոչ, չգիտեմ»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը

Նա նշեց՝ 1998 թթ հավկիթի 98 տոկոսը ներմուծվում էր Հայաստան: Այն ժամանակ ինքը մի քանի արտադրողների հավաքել է խորհրդակցության թեման մեկ տարում փակելու համար:

«Իմ առջև խնդիրներ էի դրել, որոնցից մեկն էր սահմանափակել Թուրքիայից ներմուծումը Հայաստան, Վրաստանով էր ներմուծվում, սահմանափակեցին: Եվ 1 տարում մեր շուկայի 90 տոկոսն արտադրվում էր Հայաստանում: Հաջորդ տարում մենք սկսեցինք արտահանել Վրաստան: Հիմա այս իշխանությունն այդ համարձակությունն ունի՞. չեմ կարծում»,- ասաց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի՝ այդ սահմանի բացումից թուրքական կողմը շատ ավելի է շահելու, քան Հայաստանը:

«Սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք: Մենք պետք է ասենք հետևյալը՝ բնական է, որ երկու երկրների սահմանը պետք է բացվի: Անբնական է այն, որ ընդամենը 1 տարի առաջ Թուրքիայի բայրաքթարներով սպանում էին մեր զինվորներին: Եվ ես համոզված եմ, որ այդ բայրաքթարի օպերատորը ադրբեջանցի չէր, թուրքերն էին: Ուրեմն մենք նաև այս գործոնը պետք է մեջտեղ բերենք»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցը բազմաշերտ է:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close