Մոսկվան ստացավ անվտանգության երաշխիքների շուրջ Արևմուտքի պատասխանները. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն վերահաստատել են հիմնական սկզբունքների շուրջ զիջումների չգնալու մտադրությունը

Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, վերջին շրջանում Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական 100 հազարի հասնող զինուժի ու զինտեխնիկայի կուտակումների և Արևմուտքի կողմից մշտապես հնչեցվող ռուսական հավանական հարձակման վտանգի առակայության ֆոնին լարվել են նաև հարաբերությունները Մոսկվայի և Արևմուտքի միջև:
Այս համատեքստում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցում են ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվայի անվտանգության երաշխիքների, մասնավորապես՝ դաշինքի չընդլայնմանն ու հարվածային զենքի դուրսբերմանն առնչվող ռուսական առաջարկների շուրջ։ Արդեն իսկ անցկացվել են տարբեր ձևաչափերով խորհրդակցությունների մի քանի փուլ, այդ թվում՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով, սակայն համաձայնությունների մասին դեռևս չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական համաձայնագրերի նախագծերը, որոնք Մոսկվան ակնկալում է Վաշինգտոնից և ՆԱՏՕ-ից։ Երկու համաձայնագրերը՝ ԱՄՆ-ի և դաշինքի անդամների հետ, ի թիվս այլ բաների, ենթադրում են ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ընդլայնումից հրաժարում, այդ թվում՝ Ուկրաինային դաշինքի կազմ ընդունելուց հրաժարում, ինչպես նաև լուրջ հարձակողական սպառազինությունների, մասնավորապես՝ միջուկային զենքերի տեղակայման սահմանափակումների սահմանում։
Եվ ահա նախօրեին Վաշինգտոնը Ռուսաստանին գրավոր պատասխան էր տվել անվտանգության երաշխիքների առաջարկներին։ Ուղերձը ՌԴ արտաքին գործերի նախարարություն էր բերել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը և այն հանձնել փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյին։ Փաստաթղթի ստացման մասին հայտարարությունը տարածել էր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը տեղադրվել էր գերատեսչության պաշտոնական կայքում։ Բացի այս, Բրյուսելում ՌԴ դեսպանին փոխանցվել էր նաև ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանը:
Նույն օրն ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայացած մամուլի ասուլիսում, հաստատելով ՌԴ ԱԳ նախարարությանն անվտանգության երշախիքների առաջարկի շուրջ պատասխանների փոխանցման մասին տեղեկությունը, նշել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել հարձակողական հրթիռային համակարգերի տեղակայման, զորավարժությունների թափանցիկության և սպառազինությունների վերահսկման հարցերում։
«Մենք նաև առանձնացրել ենք ոլորտներ, որտեղ կարծում ենք, որ միասին իսկապես կարող ենք բարելավել անվտանգության մակարդակը բոլորի համար, այդ թվում՝ Ռուսաստանի համար՝ հիմնվելով նրա արտահայտած որոշ մտահոգությունների վրա, և, իհարկե, մեր և մեր դաշնակիցների ու գործընկերների համար»,- ավելացրել էր ԱՄՆ Պետքարտուղարը:
Որպես օրինակ Բլինքենը նշել էր այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Ուկրաինայում հարձակողական հրթիռային համակարգերի տեղակայումը, Եվրոպայում զորավարժություններն ու վարժանքները, սպառազինությունների վերահսկման հնարավոր միջոցները, ավելի մեծ թափանցիկությունը, ռիսկերի նվազեցման տարբեր միջոցառումները»:
«Այս ամենը հնարավորություն կտա վերացնել փոխադարձ մտահոգությունները, այդ թվում՝ Ռուսաստանի արտահայտած, և ամրապնդել հավաքական անվտանգությունը։ Այսպիսով, ես կարծում եմ, որ կան կարևոր բաներ, որոնց վրա կարելի է աշխատել, եթե Ռուսաստանը լրջորեն տրամադրվի դրանց շուրջ համագործակցությանը: Եվ դա կախված է [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինից։ Տեսնենք, թե ինչպես են նրանք արձագանքում։ Բայց ես կասկած չունեմ, որ եթե Ռուսաստանը դրան մոտենա լրջորեն, փոխադարձության ոգով, մեր բոլորի համար հավաքական անվտանգությունն ամրապնդելու վճռականությամբ, ապա այս փաստաթղթում կան շատ դրական կետեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Մենք չենք կարող այս որոշումը կայացնել նախագահ Պուտինի փոխարեն, դա կարող է կայացնել միայն նա»,- ընդգծել է Պետքարտուղար Բլինքենը:
Անդրադառնալով փաստաթղթի մոտավոր բովանդակությանը՝ նա նշել է. «Մեր ներկայացրած փաստաթուղթը ներառում է Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և գործընկերների մտահոգությունները ռուսական գործողությունների վերաբերյալ, որոնք խաթարում են անվտանգությունը, Ռուսաստանի արտահայտած մտահոգությունների սկզբունքային և պրագմատիկ գնահատականը ու մեր առաջարկներն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ մենք կարող ենք ընդհանուր մոտեցում մշակել»:
Նա հավելել է, որ փաստաթղթում «հստակ նշվում է հիմնական սկզբունքների առկայությունը, որոնք [ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և գործընկերները] պարտավոր են պահպանել և պաշտպանել, ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պետությունների՝ սեփական անվտանգության մեխանիզմներն ու դաշինքներն ընտրելու իրավունքը»:
Բլինքենը նաև ընդգծել է. «Մենք արտահայտվել ենք Ուկրաինայում ուժերի տեղակայման հետ կապված թափանցիկության միջոցների փոխադարձ ընդունման հնարավորության, ինչպես նաև Եվրոպայում զորավարժությունների և մանևրումների հետ կապված վստահության միջոցների մասին։ Եվ մենք դիտարկում ենք այլ ոլորտներ, որտեղ տեսնում ենք առաջընթացի պոտենցիալ, այդ թվում՝ հրթիռների հետ կապված սպառազինությունների վերահսկումը Եվրոպայում, շահագրգռվածություն նոր START համաձայնագրի (Պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին- ДСНВ) նկատմամբ, որն ընդգրկում է բոլոր միջուկային զենքերը և թափանցիկությունն ու կայունությունը բարելավելու ուղիները»:
Դիվանագետն նաև ընդգծել է, որ փաստաթուղթը պարունակում է ԱՄՆ-ի կողմից նախկինում հնչեցված համագործակցության դիրքորոշումներ և առաջարկներ, այդ թվում՝ «շատ դրական կետեր», որոնք հնարավորություն կտան Մոսկվայի հետ ընդհանուր համաձայնության հասնել այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է։ Նա նաև ավելացրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական համագործակցության։
Միաժամանակ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխանները, քանի որ դիվանագիտությունն ավելի հաջողակ է, երբ բանակցությունները գաղտնի են։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք չենք հրապարակի փաստաթուղթը, քանի որ կարծում ենք, որ դիվանագիտությունը հաջողության մեծ շանսեր ունի, եթե մենք տարածք թողնենք գաղտնի բանակցությունների համար։ Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ Ռուսաստանը կիսում է մեր տեսակետներն ու լրջորեն կվերաբերվի մեր առաջարկներին»:
Պետքարտուղարն իր ելույթում նաև նշել է, որ հաջորդ շաբաթ պլանավորում է հանդիպում անցկացնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Դիվանագետը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակտիվորեն մասնակցել է փաստաթղթի մշակմանը՝ ավելացնելով, որ ամերիկացի առաջնորդը «վերահաստատել է փաստաթղթի վերջնական տարբերակը, որը փոխանցվել է ռուսական կողմին»։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի փոխանցված գրավոր առաջարկների բովանդակությանը, ապա Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը նույնպես դրանք ներկայացրել էր կայացած մամուլի ասուլիսին՝ ընդգծելով, որ դաշինքը դա արել է ԱՄՆ-ի հետ զուգահեռ։
Այսպիսով, Ստոլտենբերգը, ներկայացնելով ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին «առաջընթացի տեղ ունեցող» առաջարկված երեք հիմնական ոլորտները, նշել է, որ առաջնայինը դրանից Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններն են:
Առաջին. «Ռուսաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ինչն ավելի է դժվարացնում մեր երկխոսությունը։ Այսպիսով, մենք պետք է վերականգնենք մեր համապատասխան գրասենյակները Մոսկվայում և Բրյուսելում։ Մենք նաև պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր գոյություն ունեցող ռազմական կապի ուղիները՝ խթանելու թափանցիկությունը և նվազեցնելու ռիսկերը, ինչպես նաև դիտարկենք քաղաքացիական թեժ գիծ ստեղծելը՝ արտակարգ իրավիճակների օգտագործման համար»,- ընդգծել էր Ստոլտնեբերգը:
Որպես երկրորդ ուղղություն Ստոլտենբերգը նշել էր եվրոպական անվտանգությունը՝ ներառյալ Ուկրաինայում և նրա շուրջ տեղ գտած իրադարձությունները։
Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղարն ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները և «իրական բանակցությունների մեջ մտնել», այն հարցերի շուրջ, թե ինչպես պահպանել և ամրապնդել եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքները, որը թե՛ դաշինքի անդամները, և թե՛ Ռուսաստանը ստորագրել են՝ սկսած Հելսինկյան եզրափակիչ ակտից։
«Սա ներառում է յուրաքանչյուր ազգի իրավունքը՝ ընտրելու իր անվտանգության կազմակերպման միջոցառումները: Ռուսաստանը պետք է զերծ մնա բռնի ուժի ցուցադրման կեցվածքից, ագրեսիվ հռետորաբանությունից և դաշնակիցների ու այլ ազգերի դեմ ուղղված չարամիտ գործողություններից»,- ավելացրել է Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «Ռուսաստանը պետք է նաև դուրս բերի իր ուժերն Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ դրանք տեղակայված են առանց այդ երկրների համաձայնության, և բոլոր կողմերը պետք է կառուցողականորեն ներգրավվեն հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերում, այդ թվում՝ Նորմանդական ձևաչափով»։
Այս համատեքստում նշենք, որ բացի Ուկրաինայից, ՆԱՏՕ-ի պահանջների մեջ արդեն հստակ շեշտադրվում է նաև Վրաստանից և Մոլդովայից ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը: Ուշագրավ է նաև այն փաստը, որ դեռևս օրեր առաջ՝ հունվարի 22-ին, ռումինական Pro TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընդգծել էր, որ Քիշնևը ցանկանում են բանակցել Ռուսաստանի հետ Մերձդնեստրից նրա զինվորականների դուրսբերման և առևտրի խոչընդոտների վերացման շուրջ:
Սանդուն, մասնավորապես, ասել էր. «Մենք դժվար, բայց անհրաժեշտ երկխոսություն ենք վարում Ռուսաստանի հետ: Օրակարգում շատ հարցեր կան, որոնց մի մասը հուսով ենք արագ լուծել, մյուսներն ավելի բարդ են։ Մենք քննարկում ենք ռուս զինվորականների դուրսբերման խնդիրը, կա Կոլբասնայում գտնվող պահեստներից զենքի վերացման խնդիր։ Մենք կցանկանայինք արագացնել այս հարցի լուծումը, կան նաև տնտեսական բնույթի խնդիրներ»,- ասել է Սանդուն՝ հավելելով որ հանրապետությունը շահագրգռված է ռուսական շուկայում մոլդովացի արտահանողների առջև ծառացած առևտրային խոչընդոտների վերացման մեջ։
Այսպիսով, վերադառնալով Ստոլտենբերգի կողմից Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ ՆԱՏՕ-ի կողմից տրված պատասխանին, նշենք, որ Գլխավոր քարտուղարը որպես երրորդ ուղղություն նշել էր ռիսկերի նվազեցումը, թափանցիկությունը և սպառազինությունների վերահսկումը:
Որպես առաջին քայլ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը առաջարկել է ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդում փոխադարձ ճեպազրույցներ կազմակերպել զորավարժությունների և միջուկային քաղաքականության վերաբերյալ։
Նա նաև ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պետք է խորհրդակցեն օդում և ծովում միջադեպերը կանխելու ուղիների շուրջ և վերստին պարտավորվեն կատարել քիմիական և կենսաբանական զենքի վերաբերյալ միջազգային պարտավորությունները:
«Վերջապես, մենք պետք է լուրջ խոսակցություն ծավալենք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ: Ներառյալ միջուկային զենքերը և ցամաքային միջին ու ցածր հեռահարության հրթիռները»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
«Այս ոլորտները ներկայացնում են բովանդակալից երկխոսության օրակարգ, և ես դաշնակիցներին ու Ռուսաստանին հրավիրել եմ մի շարք հանդիպումների՝ ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդում այս բոլոր հարցերին ավելի մանրամասն անդրադառնալու համար»,- ասել է Գլխավոր քարտուղարը և ավելացրել, որ «Դաշնակիցները պատրաստ են հանդիպել որքան հնարավոր է շուտ»:
Ստոլտենբերգի խոսքով՝ բոլոր ջանքերում դաշինքը շարունակում է սերտորեն համագործակցել Ուկրաինայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի այլ գործընկերների, այդ թվում՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի և, իհարկե, Եվրամիության հետ:
Իր խոսքի եզրափակիչ մասում Գլխավոր քարտուղարը նաև ավելացրել էր. «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, և մենք առճակատման չենք ձգտում: Բայց մենք չենք կարող և չենք գնալու զիջումների այն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված է մեր դաշինքի անվտանգությունն ու անվտանգությունը Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում»:
ՆԱՏՕ-ի կողմից հիմնական սկզբունքների շուրջ զիջումների չգնալու միտքը Ստոլտենբերգը լիովին վերահաստատել էր նաև լրագրողներին տրված պատասխանում՝ կրկին ընդգծելով. «Այն, ինչ մենք հստակ ասել ենք, այն է, որ զիջումների չենք գնա որոշ հիմնական սկզբունքների շուրջ: Եվ դրանցից մեկն, իհարկե, այն է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն հարգում է այն երկրի կամ ազգերի որոշումը, երբ նրանք դիմում են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչպես օրինակ՝ Ուկրաինան, կամ երբ նրանք որոշում են չդիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչպես դա արել են Ֆինլանդիան և Շվեդիան»: