«Ռոսատոմ»-ը և ՀԱԷԿ-ը ՀՀ-ում ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի ուսումնասիրման հուշագիր են ստորագրել

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը հունվարի 20-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել։
Հուշագրի ստորագրմանը նախորդել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հանդիպումը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։