Ադրբեջանը խնդրել է Հռոմի պապին միջնորդել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում

Ադրբեջանը հուսով է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կմիջնորդի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին նշել է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
Ելույթ ունենալով Կովկասի գլխավոր մուֆթի շեյխ Ալլահշուքյուր Հումմաթ Փաշազադեի գլխավորած միջկրոնական այցի ավարտին Հռոմում կայացած մամուլի ճեպազրույցում՝ դիվանագետը բացատրեց, որ Սուրբ Աթոռը «լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ» և կարող է արդարացնել խնդրանքը։
Դեսպան Մուստաֆաևի կարծիքով՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը «հետաքրքրված է» հայ-ադրբեջանական հարաբարությունների կարգավորման գործընթացով։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ Ալահաշյուքուր Փաշազադեն հինգօրյա այցով ուղևորվել էր Հռոմ, որի ընթացքում վերջինս հանդիպում էր ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ: Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հռոմ և Վատիկան կատարած այցի ընթացքում առաջնորդել էր Ադրբեջանի միջկրոնական պատվիրակությունը, որի անդամներ էին այնտեղի առաքելական պրեֆեկտ Վլադիմիր Ֆեկետեն և Ադրբեջանի ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ, աքիմանդրիտ Ալեքսեյ Նիկորովը:
Այս հանդիպումների ընթացքում շեյխ Փաշազադեն հայտարարել էր, որ 2020 թվականի հակամարտությունը «կրոնական հակամարտություն չէր», այլ «քաղաքական էր»։ Նա նաև վստահեցրել էր, որ հակամարտության ընթացքում Ադրբեջանում հավատացյալների հիմնական գործունեությունը եղել է հակամարտությունը կրոնականի չվերածելը։
Փաշազադեն նաև հավելել է, որ «Ադրբեջանում բոլոր կրոնական ներկայացուցիչներն ապրում են խաղաղության մեջ», միառժամանակ չմոռանալով հայկական կողմի վրա ստվեր գցելով նշել հայերի կողմից, այսպես կոչված, «օկուպացիայի» տարիներին կատարած «վանդալիստական» գործերի և Ադրբեջանի կողմից դրա հետևանքները վերացնելու «պատրաստակամության» մասին. «Ղարաբաղում կան տարբեր դավանանքների տաճարներ՝ մահմեդական, ուղղափառ քրիստոնյա, ալբանա-ուդիական եկեղեցիներ, որոնցում փորձ է արվել հայացնել և վերածել հայկական եկեղեցիների։ Սրանցից ոչ մեկն աննկատ չի մնում ադրբեջանական պետության և նրա ղեկավարի աչքից, նրանք բոլորը գտնվում են պետության պաշտպանության ներքո, և ամեն ինչ կվերականգնվի։ Բաքվի կենտրոնում գտնվող վերանորոգված հայկական եկեղեցին ապացուցում է, որ մեր երկրի բոլոր կրոնական տաճարներին մոտենում են նույն դիրքից՝ առանց որևէ խտրականության»:
Նմանատիպ նախադասություններ չէր մոռացել հնչեցնել նաև Ադրբեջանում ռուսական ուղղափառ եկեղեցու աքիմանդրիտ Նիկորովը՝ նշելով, որ Ղարաբաղի հայկական «օկուպացիայի» ժամանակ ոչ միայն մահմեդական մզկիթները, այլ նաև քրիստոնեական եկեղեցիները ենթարկվել են վանդալիզմի ու պղծվել են, սակայն այդ եկեղեցիները, անկախ իրենց կրոնական պատկանելությունից, արդեն գտնվում են «պետության հոգածության ներքո և հնարավորինս շուտ կվերականգնվեն»։