ԱշխարհԼուրեր

Պուտինի ոխերիմ թշնամի Ալեքսեյ Նավալնիի մասին CNN և HBO ընկերությունները վավերագրական ֆիլմ են նկարահանել

HBO Max և CNN Films ընկերությունները վավերագրական ֆիլմ են նկարահանել ռուս քաղաքական գործիչ, ՌԴ նախագահ Պուտինի ոխերիմ թշնամի Ալեքսեյ Նավալնիի մասին, ով ներկայումս պատիժ է կրում ռուսական բանտում։ Այս մասին հայտնում է ամերիկյան խոշորագույն հեռուստաալիք CNN-ի կինոարտադրությամբ զբաղվող ստորաբաժանում CNN Films-ը: Ֆիլմի թողարկման ամսաթիվ առայժմ չի նշվում։

Կինոնկարը ստացել է «Նավալնի» անվանումը, իսկ նշանաբանը՝ «Թույնը միշտ հետք է թողնում»։

Ֆիլմի ռեժիսորն է կանադացի վավերագրող Դենիել Ռոերը, վերջինիս «Once were brothers. Robbie Robertson and the band» ֆիլմով 2019 թվականին մեկնարկեց Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը:

Շատերի մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ այս ֆիլմը նկարահանելու իրավունքը տրվել է երիտասարդ Ռոերին, սակայն, դա ընտանիքի և անձամբ Նավալնիի որոշումն է, ով պատահական էր ծանոթացել է Ռոերի հետ։ Ֆիլմի պրոդյուսերների շարքում, բացի CNN-ի և HBO-ի ներկայացուցիչներից, ընդգրկված է նաև ռուս հետաքննող-լրագրող, Նավալնիի գործընկեր Մարիա Պևչիխը։

Հրապարակված հայտարարությունում նշվում է, որ CNN-ը ֆիլմը կցուցադրի Հյուսիսային Ամերիկայում: HBO Max-ը և CNN+-ն ունեն հեռարձակման իրավունք:

«Վավերագրական ֆիլմի տարածման այլ իրավունքները մնում են հասանելի»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

«Մենք շնորհակալ ենք Ալեքսեի ազդեցիկ պատմությունն աշխարհին կիսելու հնարավորության համար։ Դենիելը և ամբողջ թիմը վարպետորեն ստեղծեցին ազդեցիկ թրիլլեր»,- ասել է CNN Films-ի փոխնախագահ Քորթնի Սեքստոնը:

Իսկ ռեժիսորը ֆիլմի սյուժեն անվանել է «Մեկ մարդու կյանքի անհավանական պատմություն և նրա պայքարն ավտորիտար ռեժիմի դեմ։ Դենիել Ռոերը ցույց է տալիս խիզախ և հակասական ապագա նախագահին, ով պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ իր հայրենիքում բարեփոխումներ իրականացնելու համար»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

This image has an empty alt attribute; its file name is image-27.png

Ֆիլմի նկարագրության մեջ ասվում է. «2020 թվականի օգոստոսին Սիբիրից Մոսկվա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարեց։ Նրա ուղևորներից մեկը՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ծանր հիվանդ էր։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, այնուհետև տարհանեցին Բեռլին, որտեղ գերմանական կառավարությունը պարզեց, որ նա թունավորվել է մահացու «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

This image has an empty alt attribute; its file name is image-28.png

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով ինքնաթիռը վայրէջք էր կատարել Օմսկում։ Որտեղ Նավալնին հոսպիտալացվել էր, այնուհետև մտցվել արհեստական կոմայի մեջ, որից հետո նրան Գերմանիայից ուղարկված հատուկ ինքնաթիռով շտապ տեղափոխեցին Բեռլինի հայտնի «Շարիտե» կլինիկա։ Հետազոտությունից հետո գերմանացի բժիշկները և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փարձագետները եզրակացրեցին, որ ՌԴ նախագահ Պուտինի ոխերիմ թշնամի Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:

Նավալնին իր թունավորման մեջ մեղադրել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին։ Հետագայում Պուտինն իր ամենամյա ասուլիսում նշել էր, որ չկա որևէ ապացույց, որ ընդդիմադրին թունավորել են։ Հասավ այնպիսի աբսուրդի, որ ռուսական իշխանությունները սկսեցին շրջանառել վարկած, թե անգամ եթե Նավալնիին թունավորել են, ապա դա կարող են արած լինել գերմանացի բժիշկները:

Ըստ The Insider-ի՝ Bellingcat-ի, CNN-ի և Նավալնիի համախոհների համատեղ հետաքննության՝ ԱԴԾ-ի մի խումբ սպաներ տևական ժամանակ Նավալնիին հետևելուց են եղել և հենց նրանք էլ թունավորել են քաղաքական գործչին: Հետագայում Նավալնին հրապարակել էր հետաքննության մեջ մեղադրվողներից մեկի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Զրույցի ընթացքում նա փաստացի խոստովանել էր, որ մասնակցել է քաղաքական գործչին թունավորելու գործողությանը։

This image has an empty alt attribute; its file name is image-29.png

Գերմանիայում բուժման ընթացքում Նավալնին հրապարակեց անձամբ Պուտնինի կոռուպցիայի և բազմամիլիարդանոց դղյակների մասին հետաքննություն ֆիլմը, որը խփեց դիտումների բոլոր սպասելի և անսպասելի ռեկորդները՝ հավաքելով ավելի քան 100 միլիոն դիտում:

Բուժման ավարտից հետո Նավալնին անսպասելիորեն որոշեց վերադառնալ Ռուսաստան, որտեղ անմիջապես ձերբակալվեց և շինծու մեղադրանքներով դատապարտվեց: Այժմ նա պատիժ է կրում ռուսական բանտում, որտեղ շարունակաբար ենթարկվում է հոգեբանական կտտանքների:

Ինքը՝ Ալեքսեյ Նավալնին, պատմել է ֆիլմի նկարահանումների մասին իր Instagram-ում։ Քաղաքական գործչի խոսքով, երբ ծանոթները չգիտեին ֆիլմի ստեղծման մասին, հորդորում էին, որպեսզի նա նկարահանի իր կյանքի մասին պատմող ֆիլմ, բայց ֆիլմի ստեղծման խիստ գաղտնիության պատճառով չէր կարողանում ասել, որ «արդեն նկարահանվել է»։

«Ես պատրաստվում էի այս օրն անցկացնել ֆիլմի պրեմիերային համապատասխան՝ գեղեցիկ հագնված, սմոկինգով և մի բաժակ շամպայնով, բայց կանցկացնեմ սովորականի պես՝ «սապոգներով», բանտային համազգեստով և մի բաժակ թեյով: Դե ոչինչ, դա ավելի զվարճալի է դարձնում պատմությունը, իսկ շամպայնը դուք իմ տեղն էլ կխմեք»։

Այնուհետև նշում է, որ լսարանի համար երկու նորություն ունի և՛ լավ, և՛ վատ։

«Վատ նորություն. ՔԿՀ-2-ի բանտային գրադարանը HBO Max-ի բաժանորդագրություն չունի։ Լավ նորությունն էլ այն է՝ ֆիլմն արդեն պատրաստ է, և դուք կնայեք այն հաստատ ինձնից ավելի շուտ։ Համաշխարհային պրեմիերան շուտով կկայանա, իսկ դրանից հետո դուք, հուսով եմ, կգնաք նաև կինոթատրոն այս ֆիլմը դիտելու համար։ Մի խոսքով՝ ինքներդ որոշեք և անպայման պատմեք ինձ, թե ինչպես է այն ստացվել։ Սարսափելի հետաքրքիր է, ինքներդ եք հասկանում»,- ասված է քաղաքական գործիչի հրապարակման մեջ։

 

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել