ԱշխարհԼուրեր

2 ընկերություն հայտարարել է «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին

Pfizer դեղագործական ընկերությունը նախատեսում է գործարկել կորոնավիրուսային նոր՝ «օմիկրոն» շտամին հարմարեցված պատվաստանյութ մինչև մարտ ամիս, վերջինիս արտադրությունն արդեն ընթացքի մեջ է, այդ մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլանը CNBC-ի հեռուստաալիքի ուղիղ եթերում

«Մենք, ռիսկի դիմելով, արդեն սկսում ենք մի շարք չափաբաժինների արտադրություն»,- ասել է նա։

Ալբերտ Բուրլան նշել է, որ դեղամիջոցն արդյունավետ կլինի նաև աշխարհում շրջանառվող կորոնավիրուսի այլ շտամների դեմ։ Նրա կարծիքով՝ դեռ պարզ չէ, թե որքանով է անհրաժեշտ «օմիկրոնի» շտամի դեմ պատվաստանյութի առկայությունը։ Այնուամենայնիվ, վերջինս նկատել է, որ Pfizer ընկերությունը մտադիր է ունենալ որոշակի քանակի չափաբաժիններ, քանի որ մի շարք պետություններ հետաքրքրություն են ցուցաբերում դրա գնման նկատմամբ:

«Մենք հուսով ենք, որ կկարողանանք հասնել մի բանի, որն ավելի շատ պաշտպանություն կապահովի, հատկապես վարակից, քանի որ հոսպիտալացումից և ծանր հիվանդություններից պաշտպանությունը, որ ապահովում են ներկայիս պատվաստումները, ընդունելի մակարդակի վրա է, եթե օրինակ՝ երրորդ դոզայով պատվաստում լինի»,- հավելել է տնօրենը։

Իր հերթին Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը CNBC հեռուստաալիքին հայտնել է, որ ընկերությունն աշխատում է դեղամիջոցի խթանող չափաբաժնի վրա, որը կհարմարեցվի «omicron»-ին:

Շուտով կսկսվեն դեղամիջոցի կլինիկական փորձարկումները և դրա թողարկումը նախատեսված է այս աշնանը, ասել է Բանսելը՝ հավելելով. «Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի փորձենք առաջ մնալ վիրուսից, ոչ թե հետ մնալ»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում 2021թ.-ի նոյեմբերին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close