1ԱշխարհԳլխավորԻրադարձություններԼուրեր

Տոկաևը խոստանում է առավել կոշտ լինել. ի՞նչ է կատարվում Ղազախստանում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախօրդ օրն ընդունել է վարչապետ Ասկար Մամինի հրաժարականը, իսկ ժամեր առաջ երկրի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ նաև նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարը կլինի Ալիխան Սմաիլովը, ով մինչ այժմ զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սակայն հանրապետությունում երեք օր առաջ սկսված ցնցումները այսքանով չեն ավարտվում։ Ալմա-Աթան բառացիորեն այրվում է։ Այնտեղ ցուցարարները բախվել են իրավապահների հետ, իսկ Ակտոբեում բողոքարարները գրոհել են տեղի կառավարական շենքերը։

Բայց սկսենք հերթականությամբ։ Ասկար Մամինի հրաժարականը տեղի է ունեցել մեքենաների լիցքավորման համար հեղուկ գազի գնի կրկնապատկման դեմ բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին։ Մանգիստաուի շրջանի Ժանաոզեն (նախկին Նոր Ուզեն) քաղաքում երեք օր առաջ սկսված հանրահավաքները շուտով ընդգրկեցին Ղազախստանի զգալի մասը։ Այս շրջանում, ինչպես նաև Ալմաթիի մարզում և կենտրոնական ենթակայության Ալմաթի քաղաքում (Ղազախստանի նախկին մայրաքաղաք) արտակարգ դրություն է հայտարարվել։

Այս հատուկ իրավական ռեժիմը գործելու է մինչև հունվարի 19-ը։ Այն մարզերում, որտեղ հայտարարված է արտակարգ դրություն, պարետային ժամ է մտցվել ժամը 23։00-ից մինչև 07։00-ն։ Հանձնարարվել է նաև ուժեղացնել հասարակական կարգի, հատկապես ձեռնարկությունների տրանսպորտի կենսագործունեությունն ու գործունեությունն ապահովող պետական ​​և ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանությունը։

Սահմանափակվում է տեղաշարժի ազատությունը և ներդրվում է անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, ինչպես նաև քաղաքացիների և տրանսպորտային միջոցների զննում։ Արտակարգ դրության ընթացքում արգելվում է հանրահավաքներ և, առհասարակ, զանգվածային միջոցառումներ անցկացնել։ Գործադուլները նույնպես արգելված են։ Դեղորայքի և զենքի շրջանառությունը սահմանափակ է։ Այս հրահանգները խախտելու համար սահմանվում է վարչական կալանք՝ մինչև 15 օր ժամկետով, իսկ իշխանությունների պահանջներին անհնազանդություն հրահրելու դեպքում՝ կալանք մինչև 30 օր ժամկետով։

Իշխանությունների ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու համար հնարավոր է ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով, իսկ դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տարածելու համար՝ երեքից յոթ տարի ժամկետով։

Տագնապալի իրավիճակ է նկատվում նաև Ղազախստանի այլ շրջաններում։ Այսպես, երեկ երեկոյան անկարգություններ են տեղի ունեցել Ժամբիլ շրջանի վարչական կենտրոն Տարազ քաղաքում, որտեղ բողոքի ցույցերը նույնպես վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Անկարգությունների արդյունքում վնասվել են ակիմատի (մարզպետական ​​վարչակազմի) շենքերը և «Caspiy Bank»-ի գրասենյակները։ Այրվել է ոստիկանական 10 մեքենա։ Բերման են ենթարկվել անկարգությունների մասնակիցներից մոտ երեք հարյուր մարդ։

Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից, որը նա ղեկավարում էր դեռ 1991 թվականից։

Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնն այժմ ստանձնել է նախագահ Տոկաևը։ Այս մասին հայտարարել է անձամբ Տոկաևը ժողովրդին ուղղված հատուկ ելույթում։

«Որպես նախագահ՝ ես պարտավոր եմ պաշտպանել մեր քաղաքացիների անվտանգությունն ու հանգստությունը, անհանգստանալ Ղազախստանի ամբողջականության համար։ Իմ ձեռնարկած միջոցներն ուղղված են բազմազգ Ղազախստանի բարօրությանը»,- հայտարարության մեջ նշել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը ժողովրդին ուղղված իր հայտարարությունում հատուկ ուշադրություն է դարձրել «խուլիգանական տարրերի կազմակերպվածության բարձր մակարդակի վրա»՝ ընդգծելով, որ «սա վկայում է ֆինանսական դրդապատճառներով դավադիրների գործողությունների մշակված ծրագրի մասին»։

Ելենելով այս ամենից՝ Տոկաևը նշել է․ «Որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահ՝ մտադիր եմ հնարավորինս կոշտ գործել։ Սա մեր քաղաքացիների անվտանգության հարցն է, ովքեր ինձ բազմաթիվ խնդրանքներ են ներկայացնում՝ պաշտպանելու իրենց և իրենց ընտանիքների կյանքը: Սա մեր պետության անվտանգության հարցն է։ Համոզված եմ, որ ժողովուրդն ինձ կաջակցի։

«Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ մնալու։ Իմ սահմանադրական պարտքն է լինել ժողովրդի հետ։ Միասին մենք կհաղթահարենք Ղազախստանի պատմության այս սև շերտը։ Դուրս կգանք սրանից ուժեղ»,- ասել է նախագահ Տոկաևը և ավելացրել, որ «շուտով հանդես կգա Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։

«Ես մնում եմ հետևողական բարեփոխումների նույն դիրքորոշմանը»,- ընդգծել է նա։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close