Հիպերձայնային տեխնոլոգիայի զարգացումը կհանգեցնի նոր Սառը պատերազմի և տիեզերական մրցավազքի. Saxo Bank-ի կանխատեսումները

Դանիական Saxo Bank ներդրումային բանկը հրապարակել է 2022 թվականի համար 10 կանխատեսումների շարք, որոնք բանկն անվանել է «անհավանական իրադարձություններ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ֆինանսական շուկաների վրա»։ Բանկն արդեն 19-րդ անգամ հրապարակում է իր տարեկան կանխատեսումները։ Այստեղ այն ամենն է, ինչ հակիրճ հավաքել ենք բանկի կանխատեսումներից:
Facebook-ը կվերածվի «ավելի մեծ բումերների» հարթակի
Facebook-ը կվերածվի «ավելի մեծ բումերների» հարթակի՝ նրա ալգորիթմները, որոնց շնորհիվ օգտատերերը միշտ տեսնում են միանման կամ ապակողմնորոշող բովանդակություն, երիտասարդներին հեռացնում են սոցիալական ցանցից։ Սոցիալական ցանցը հայտնվել է մինչև 40 տարեկան և բարձր տարիքի մարդկանց մշակութային առճակատման կենտրոնում. երիտասարդները դրան դիտարկում են որպես կեղծ լուրերի և ագահ կորպորացիաների խորհրդանիշ:
Ներդրողները գիտակցում են, որ Facebook-ի նոր մայր ընկերությունը՝ Meta-ն, արագորեն կորցնում է իր երիտասարդ սերնդին, հետևաբար՝ ապագա ներուժը: Հուսահատ փորձեր կատարելով բարձունքում մնալու համար՝ Meta-ն փորձում է ձեռք բերել Snapchat-ը կամ TikTok-ը և միլիարդավոր դոլարներ է ծախսում երիտասարդներին իր ծառայություններին վերադարձնելու համար: Միաժամանակ նա զբաղվում է, այսպես կոչված, «մետատիեզերքի» ստեղծմամբ, որի հիմնական նպատակն օգտատերերի մասին տեղեկություններ հավաքելն է։
Արդյունքում Meta-ն կորցնում է իր արժեքի 30%-ը, և խորհուրդ է տրվում բաժանել իր ծառայություններն առանձին կառույցների. ահա այսպես փլուզվում են Մարկ Ցուկերբերգի մենաշնորհի երազանքները։
Բժշկական առաջընթացը կյանքի տևողությունը կավելացնի 25 տարով
2022 թվականին բժշկության մեջ մեծ առաջընթաց է տեղի ունենում՝ մշակվել է դեղամիջոցների կոկտեյլ, որը կարգավորում է բջիջների մակարդակով գործընթացները և կարող է երկարացնել նրանց կյանքը։ Լաբորատորիաների պայմաններում մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կյանքի տեւողությունը ավելացել է 30%-ով։ Մարդկանց համար դա նշանակում է կյանքի պոտենցիալ 25 տարվա աճ: Բացի այդ, նոր դեղամիջոցը կարող է դանդաղեցնել ծերացումը և նույնիսկ երիտասարդացնել հին բջիջները:
ԴՆԹ-ի խմբագրման նոր մոտեցումները հնարավորություն են տալիս գործնականում ազատվել բազմաթիվ հիվանդություններից, որոնք տարիքի հետ հանգեցնում են առողջության վատթարացման։ Թեև կյանքի տևողության մեջ հսկայական թռիչքի հեռանկարն իրական բեկում է, այն բարձրացնում է էթիկական և ֆինանսական խնդիրներ: Կապված այս ամենի հետ առաջ են գալիս նորանոր ու առանցքային հարցեր. եթե բոլորն ապրեն միջինը 115 տարի, ի՞նչ կնշանակի դա կենսաթոշակային համակարգի համար, արդյո՞ք բավարար սնունդ կա այդքան մարդկանց կերակրելու համար, արդյո՞ք նոր դեղամիջոցը պետք է հասանելի դառնա բոլորի համար:
Հիպերձայնային տեխնոլոգիայի զարգացումը կհանգեցնի նոր Սառը պատերազմի և տիեզերական մրցավազքի
Չինական հիպերձայնային հրթիռի փորձարկումներից հետո, որոնց հաջողությունը անակնկալի բերեց ԱՄՆ-ին, տիեզերք գնալու ունակ հիպերձայնային մեքենաները հայտնվեցին Վաշինգտոնի և Պեկինի միջև մրցակցության կենտրոնում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ պաշտպանության ոլորտում։ Առաջատար ռազմական տեխնոլոգիաներ ունեցող այլ խաղացողներ միանում են մրցավազքին՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Եվրամիությունը:
Հիպերձայնային տեխնոլոգիայի զարգացումը կարող է խաթարել երկարամյա ստատուս քվոն, որը գոյություն ունի Սառը պատերազմից ի վեր: Սա սպառնալիքի տակ է դնում փոխադարձ ոչնչացումը երաշխավորող հիմնարար սկզբունքին. առաջին միջուկային հարվածի դեպքում հիպերձայնային հրթիռները հնարավորություն ունեն ամբողջությամբ կանխելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների պատասխան հարձակումը։ Այս պատճառով մրցավազքը դառնում է մասսայական, քանի որ ոչ ոք ցանկություն չունի իրեն հետ մնացած դիրքերում տեսնել:
Սա հանգեցնում է հիպերձայնային տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ընկերությունների արագ աճին և այն ընկերությունների անկմանը, որոնք արտադրում են ավանդական զենքերով ռազմանավերի և ինքնաթիռների սարքավորումներ:
ԱՄՆ կներքաշվի սահմանադրական ճգնաժամի մեջ
Դեմոկրատների և հանրապետականների հակասությունները հասնում են իրենց սահմանագծին: Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականները պատրաստ են ամեն ինչի գնալ հաղթելու համար, մինչդեռ դեմոկրատները ոչ պոպուլյար քարոզարշավ են վարում՝ վախ ստեղծելու համար:
Ընտրություններից հետո կողմերից մեկը կամ երկուսն էլ միանգամից դեմ են քվեարկության արդյունքների հաստատմանը։ Արդյունքում Կոնգրեսի նոր կազմը չի կարող ձևավորվել, և այն չի կարող սկսել աշխատանքները 2023 թվականի հունվարի 3-ին, ինչպես նախատեսված էր։ Ջո Բայդենը շարունակում է երկիրը ղեկավարել նախագահի հրամանագրերով։ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը կասեցվել է այն պատճառով, որ Դեմոկրատական կուսակցությունը դեմ է Գերագույն դատարանում ընտրությունների արդյունքների քննարկմանը, քանի որ այնտեղ գերակշռում են պահպանողական դատավորները։ Երկիրը ընդգրկված է սահմանադրական լիակատար ճգնաժամի մեջ:
ԱՄՆ ակտիվները դառնում են չափազանց անկայուն, իսկ ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրանում է, մինչդեռ դոլարը նվազում է:
Եվրամիությունը ստեղծում է Սուպերֆոնդ՝ համալրված կենսաթոշակային խնայողություններից
Անվտանգության հովանոցը, որը ԱՄՆ-ն տվել է Եվրոպային Սառը պատերազմի ժամանակ, կարող է անհետանալ, քանի որ Չինաստանը, որը գտնվում է աշխարհի բոլորովին այլ մասում, դառնում է Վաշինգտոնի գլխավոր ռազմական և տնտեսական մրցակիցը: ԵՄ-ն ուղիներ է փնտրում՝ ուժեղացնելու սեփական պաշտպանությունը և միևնույն ժամանակ զարկ տալու սկսված էներգետիկ ճգնաժամից տուժած տնտեսություններին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի աջակցությամբ, առաջարկում է երեք տրիլիոն եվրոյի չափով ԵՄ Սուպերֆոնդ ստեղծել, որը կօգնի ապահովել պաշտպանությունը, ինչպես նաև լուծել կլիմայի փոփոխության խնդիրները և անցում կատարել մաքուր էներգիային: Հաշվի առնելով Եվրոպայի ծերացող բնակչությունը, ինչպես նաև առանց այն էլ բարձր հարկերը՝ քաղաքական գործիչները հասկանում են, որ հնարավոր չի լինի ֆինանսավորել հիմնադրամը՝ բարձրացնելով եկամտի հարկերը։
Ֆրանսիան առաջարկում է 40 տարեկանից բարձր բոլոր աշխատողների կենսաթոշակային ակտիվների մի մասը պարտադիր փոխանցել ցածր եկամտաբերության Սուպերֆոնդի պարտատոմսերին, որոնք իրականում հենց Եվրամիության պարտատոմսեր են։ Համակարգն այնքան հաջողակ է դառնում, որ եկամտահարկը Եվրոպայում աստիճանաբար նվազում է։
Spotify-ը անկում կապրի NFT-ի* վրա հիմնված երաժշտության տարածման ծառայությունների պատճառով:
Երաժիշտները, ովքեր դժգոհ են հոսքային հարթակներում երաժշտության լսումներից եկամուտների բաշխման անարդար ձևերից, որոնք կազմում են եկամտի ավելի քան 75%-ը, սկսում են երաժշտություն տարածել NFT-ի վրա հիմնված ծառայությունների միջոցով՝ ուղղակիորեն վաճառելով թվային իրավունքները ունկնդիրներին: Սա թույլ է տալիս երաժիշտներին եկամուտ ստանալ իրական ժամանակում և չկիվսել միջնորդների հետ, իսկ ունկնդիրներն, ի թիվս այլ բաների, հասկանում են, որ իրենց գումարներն ուղղակիորեն գնում են սիրելի կատարողին:
2022 թվականին Քեթի Փերին, Ջեյսոն Դերուլոն և The Chainsmokers-ն արդեն իրենց երաժշտություններն առաջարկում են NFT ծառայությունների միջոցով, իսկ մյուս կատարողները սկսում են իրենց երգերը հանել ավանդական հոսքային հարթակներից, որոնք ձախողվում են. Spotify-ը մեկ տարում կորցնում է իր արժեքի 33%-ը: NFT-ի ներուժը ներդրողները այլևս տեսնում են ֆիլմերի, գրքերի և այլ կոնտենտների վաճառքում:
*NFT-իները թվային ակտիվներ են, որոնք ստեղծվել են բլոկչեյնի վրա, որոնք երաշխավորում են իրի ինքնատիպությունը, ինչպես նաև նրա սեփականատիրոջ սեփականությունը: NFT-ները արտադրում են լուսանկարներ, տեսանյութեր, թվային արվեստի գործեր, խաղերի տարրեր, սպորտային բացիկներ: