ԱշխարհԼուրեր

27 միգրանտ է խեղդվել Լա Մանշ նեղուցում՝ ֆրանսիական Կալեի մոտակայքում

27 միգրանտ է խեղդվել Լա Մանշ նեղուցում՝ ֆրանսիական Կալեի մոտակայքում: Սկզբում հաղորդվում էր 31 զոհի մասին, սակայն հինգշաբթի գիշեր ֆրանսիական իշխանությունները թարմացված տեղեկատվություն են հրապարակել։

Բրիտանական և ֆրանսիական իշխանությունները փրկարարական գործողություն են իրականացնում՝ ներգրավելով նավեր և ինքնաթիռներ։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ 2014 թվականից ի վեր սա ամենամեծ ողբերգությունն է Լա Մանշի նեղուցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է միջադեպից և կանի հնարավոր ամեն ինչ՝ դադարեցնելու միգրանտների վրա հարստացող մաքսանենգների գործունեությունը։ Չորեքշաբթի երեկոյան վարչապետը «Կոբրա» արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ է անցկացնում միջադեպի վերաբերյալ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը հայտնել է, որ երկու մարդ փրկվել է, ևս մեկը անհետ կորել է։ Բելգիայի հետ Ֆրանսիայի սահմանի մոտ չորս մարդ է ձերբակալվել, ասել է նախարարը։ Ֆրանսիայի իշխանությունները կասկածում են, որ նրանք անմիջական մասնակցություն են ունեցել Լա Մանշը հատելու այս փորձի կազմակերպմանը։

Ողբերգության մասին առաջինը հայտնել է Ֆրանսիայի կառավարությունը։ Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ դա հանցավոր մարդկանց մաքսանենգության արդյունք է: Ըստ խորհրդարանի՝ Դովերը և Դիլը ներկայացնող պատգամավոր Նատալի Էլֆիքի՝ միջադեպը ևս մեկ անգամ հիշեցրեց այդ նավակները կանգնեցնելու անհրաժեշտության մասին՝ նախքան նրանց վտանգավոր ճանապարհորդությունը սկսելը:

«Ինչքան մոտենում է ձմեռը, ծովը դառնում է ալեկոծ, իսկ ջուրը՝ սառչում, մեծանում է մարդկային կորուստների վտանգը,- ասաց Էլֆիկը,- հետևաբար, շատ ավելի մարդկային է և ճիշտ, որպեսզի կասեցվեն այդ վտանգավոր փորձերը»:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Դովերի ներգաղթային իշխանությունները չորեքշաբթի ափ են դուրս բերել մի քանի միգրանտների, որոնց հաջողվել է փոքր նավերով հասնել Բրիտանիա։ Ընդհանուր առմամբ՝ չորեքշաբթի օրը մոտ 25 փոքր նավեր փորձել են անցնել Լա Մանշը։ Ֆրանսիայի առափնյա պահպանությունը SOS ազդանշան է արձակել այն բանից հետո, երբ 15 մարդ ջրի մեջ է հայտնվել:

Անցած երկուշաբթի ներգաղթյալների թիվը, որոնք այս տարի Մեծ Բրիտանիա են հասել ծովային ճանապարհով, երեք անգամ ավելի է եղել, քան անցյալ տարի։ Նոյեմբերի սկզբին նոր ռեկորդ էր սահմանվել, երբ մեկ օրում ծովով Մեծ Բրիտանիա են ժամանել հազարից ավելի միգրանտներ։

Լա Մանշը համարվում է աշխարհի ամենաբանուկ ծովային երթուղին, և այս երթուղու վրա հաճախ են միգրանտներ մահանում, որոնք որոշում են նավարկել փչովի նավակներով։ Միայն վերջին շաբաթների ընթացքում, չհաշված այսօրվա միջադեպը, նեղուցում առնվազն 10 մարդ է մահացել։

Այս շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը Ֆրանսիայից ժամանող միգրանտների թիվն անընդունելիորեն բարձր էր գնահատել և նշել, որ քաղաքացիության և սահմանների մասին ներկայումս մշակվող կառավարության առաջարկած օրինագիծը խոստանում է երկարաժամկետ լուծել խնդիրը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել