Լուրեր

Ոստիկանները գրպանահատության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել գրպանահատներին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները ևս երկու դեպք բացահայտեցին:
Նոյեմբերի 18-ին նրանք Ֆուչիկի փողոցից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Սիլիկյան թաղամասի 31-ամյա մի բնակչի։ Պարզվեց՝ նա նույն օրը երթուղային միկրոավտոբուսում մի կնոջից դրամապանակ էր գողացել, որի մեջ փող, բանկային քարտ և այլ իրեր էին։

Բերման ենթարկված տղամարդու անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց։

Երկրորդ դեպքը նոյեմբերի 20-ին Կենտրոն վարչական տարածքում էր եղել ու հենց նույն օրն էլ բացահայտվեց: Ժամը 17.30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ։

Քրեական հետախույզներին տեսնելով՝ նա ծոցագրպանից նետել էր գողացած դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ ու այցեքարտեր էին։

Ոստիկանությունում պարզվեց նշված իրերի տիրոջ ինքնությունը:

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել