ԼուրերՔաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը կողմ է տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն ոչ ՀՀ-ի ինքնիշխանության նվազեցման հաշվին

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ չէ խաղաղությանը և Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների և ոչ ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

Օհանյանը նկատեց, որ սահմանագծման և սահմանազատման համար անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ՝ մանավանդ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն: Եվ այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կառավարությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը, նպատակային է կիրառել միջազգային և ազգային նորմերով ամրագրած տեղեկություններ, որոնք հստակ բխում են ՀՀ շահերից:

«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,- ասաց Օհանյանը:

Նա հիշեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների, Արցախի մեծ մասն օկուպացնելու և ՀՀ տարածք ներխուժելու մասին՝ շեշտելով, որ հիմա էլ չի փոխել իր հռետորաբանությունն ու հայատյացությունը, չի վերադարձնում հայ գերիներին: «Եվ սողացող պատերազմի սկզբունքներով, տարածքներ պոկելու մեթոդով իր համար իր իսկ GPS-ներով միակողմանի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում, հատկապես Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման անվան տակ՝ Զանգեզուրի միջանցքի ձևավորման համար»,- ասաց նա:  

Խմբակցության ղեկավարը մեղադրեց գործող իշխանությանը այդ վիճակին հասնելու համար: Նա իշխանությանը մեղադրեց դիվանագիտական և բանակցային գործընթացի թերի գործադրման մեջ:

«Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը և սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ և ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, մեր բոլորի կարծիքով, պետք է բացառեն Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակման և տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը՝ ապա մենք կողմ ենք դրան: Սակայն՝ ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովան և ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն այս հարցում անընդունելի են»:

«Մենք գտնում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, միջազգային պրակտիկայի համաձայն ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին: ՀՀ-ն չունի որևէ միջազգային իրավական պարտավորվածություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզ՝ ընդ որում առանց կոորդինատների, բացատրագրերի»,- ասաց Օհանյանը:

Նա շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ըստ նրա՝ ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ չի կարող գրավոր և բանավոր համաձայնության գալ՝ խախտելով  Արցախի Հանրապետությանը և ՀՀ-ին վերաբերող հիմնարար իրավական նորմեր:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել