Լուրեր

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար է հատկացրել Սյունիքի մարզպետարանին՝ մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքնման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ, որտեղ առկա են առաջնահերթ լուծման կարիք ունեցող մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Ըստ այդմ՝ նախատեսվում է մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Մասնավորապես, ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈւԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ: Նախատեսվում է ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որի արժեքը կկազմի 223.7 մլն դրամ: Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք 6.5 մլն դրամ և բնական գազ` 1 մլն դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ նպատակների համար դեռևս ապրիլին հատկացվել է 500 մլն դրամ, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ: 

«Հիմա հերթական գումարն է տրամադրվում՝ 400 մլն դրամ: Ուզում եմ նաև հիշեցնել, որ դեռևս հունվարից կառավարությունը մատնանշել էր, որ այս ուղղությամբ առնվազն 1 մլրդ դրամ կհատկացնի: Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափն արդեն 1,1 մլրդ դրամ է դառնում»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: 

«Հիմա մենք Սյունիքում կառուցում ենք այլընտրանքային 7 ճանապարհ: Գիտեք, որ միջպետական նշանակության Տաթև -Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ Տաթև-Լծեն հատվածում: Կառուցում ենք նաև Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհների կառուցման ընթացքից: 

«7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է և երթևեկելի: Այս ճանապարհի հիմնական հատվածը Մ2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է: Տաթև-Լծեն ճանապարհը նաև դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը մենք շրջանցենք և ավելի կարճ ճանապարհով դուրս գանք դեպի Սիսիան: Մնացած 6 ճանապարհների վրա ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ձեր հանձնարարությամբ՝ հիմա ևս 3 ճանապարհի կառուցում ենք դիտարկում: Դրանք հիմա քննարկման փուլում են և առաջիկայում այդտեղ նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Որոտան, Շուռնուխ գյուղերի այլընտրանքային ճանապարհներն անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար: Ներկայումս իրականացվում են խճապատման աշխատանքներ, իսկ ասֆալտապատումը կիրականացվի 2022 թվականին: 

«Խոտ-Որոտան-Քաշունի-Բարձրավան, Գեղանուշ-Ճակատեն հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում: Մենք ժամանակի ընթացքում նաև այնտեղ այլ ճանապարհ կկառուցենք, որը կլինի արդեն հիմնական նշանակության»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև Շուռնուխի թաղամասի շինարարության ընթացքով: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ աշխատանքները նախատեսվում են ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել